Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թողնում են աղջկա կամքին, տարիներ են անցնում». 81-ամյա տղամարդու խրատը (տեսանյութ)

Հասարակություն
H462Djma1oY

Խորհրդային տարիներին էլ է Հայաստանից արտագաղթ եղել։ «Էն ժամանակ տարբերություն չկար. քաղաքացին հայ է, թե բելառուս, բոլորն անվանվում էին սովետական քաղաքացի»,- տարբերությունն  է  բացատրում  Ափնագյուղի 81- ամյա բնակիչ Հակոբ Բարիկյանը։ Նա հիշում է՝ ժամանակին ինքն էլ է ռուսաստաններում վարորդ աշխատելով  գումար վաստակել։  Եւ այդ ժամանակահատվածը քիչ չի եղել՝  11 տարի։  36 տարեկանում անգամ մտածել է  ընտանիքով հաստատվել Ռուսաստանում, բայց որոշումն իրագործել  չի հաջողվել։ «Հերս չթողեց»,- ծիծաղում է։ Եթե երիտասարդ լիներ, հիմա չէր մեկնի Ռուսաստան արտագնա աշխատանքի. «Այն ժամանակ յուրաքանչյուր գործողություն անելու համար քո հասանելիքը տալիս էին, հիմա այդպես չէ...»  Գուցե նաեւ սա է պատճառը, որ վերջին տարիներին գյուղից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազել է։ Բայց գնացողին Հակոբ Բարիկյանը չէր մեղադրի։ Գյուղացին տեր չունի։ «Կաթը տանում են 120  դրամով, իսկ  կարագն ի՞նչ արժե՝ 3000 դրամ ։ Այդպես չի՞... Միսը շուկայում ի՞նչ արժե... 3000-4000 դրամ։ Վերավաճառողները տանում են 2000- 2100  դրամով »,- պատմում է նա։   Ափնագյուղը խոշորացված համայնքներից մեկն է, որը  նոյեմբերից  ընդգրկված է Արագածոտնի մարզի Ապարան համայնքային փնջի մեջ։   Հակոբ Բարիկյանը  կասկածում է , որ սա կնպաստի  գյուղի զարգացմանը. «Ափնան 150 տնտեսություն ունի, 800 հեկտար վարելահող ։ Դրա շահույթից մեզ ոչինչ չի հասնի, գնում է կենտրոն»,-նշում է Հակոբ Բարիկյանը՝ նկատի ունենալով մարզկենտրոն Ապարանը։ Վերջին տարիներին Ափնագյուղում դրական տեղաշարժ  գրանցվել է։  Օրինակ՝  փողոցների լուսավորության հարցն է լուծվել։ Ափնագյուղում չլուծված է մնում ոռոգման ջրի խնդիրը։ «Եթե մեր  գյուղապետը չլիներ, մենք գյուղում հող մշակելը մոռանում էինք, ինքն իր ուժերով լիճ է կառուցել ու ժամով մեզ ջուր է տալիս, իհարկե, վճարովի»,- ասում է  նա։ Եթե  իմանար, որ իր խոսքը  իշխանություններին կհասնի, շատ ուրիշ հարցեր էլ կբարձրաձայներ։  Բայց դե հիմա ո՞վ է ավագի խոսքը  հաշվի առնում։ Ժամանակներն են փոխվել,  անգամ ծնողի խոսքը երբեմն օդում է մնում. «Որ տանը աղջիկ երեխա է լինում՝  ամուսնության տարիքի , ծնողը չի կարա ստիպի ամուսնանա, թողնում են իր կամքին, ու տարիներ են անցնում... Դրա համար լավ չէ։ Տղան  դառնում է 30-35  տարեկան, դեռ ամուսնացած չէ...»   Հակոբ Բարիկյանն ամուսնացել է  26 տարեկանում։  Մեկ տարի առաջ է կյանքից հեռացել նրա 54 տարվա ընկերը։  Մատներն են անգամ դողում, երբ հիշում է կնոջը։ Բայց կարոտից  գլանակը չի վառի։ 20 տարի առաջ է   հրաժարվել ծխախոտից՝  սիգարետը  փոխարինելով թզբեհով։