Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեղուտի պոչամբարն ամեն պահ կարող է քանդվել. ահազանգում են բնապահպանները (տեսանյութ)

Տնտեսություն
texut

Թեղուտի հանքում պոչամբարի պատվարի հետ լուրջ խնդիրներ կան, ասում է «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը: «Պատվարի վրա ճաք լինելը նշանակում է՝ անցել ես անվտանգ փուլը, և գալիս է տեխնածին աղետի պահը: Յուրաքանչյուր պահ կարող է պոչամբարը քանդվել»:  «Վալլեքս» ընկերությունը հունվարի 24-ին հայտարարեց հանքի փակման մասին եւ 1200 մարդ ազատվեց աշխատանքից։ Ըստ բնապահպանների, ընկերությունն այս քայլով  ևս ընդունում է, որ հանքավայրի շահագործման հետ կապված կան խնդիրներ:  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի անդամ Ռաֆայել Աֆրիկյանն անձամբ  եղել է հանքավայրում: «Պոչաջրերի մակարդակը հասել է ամբարտակի  ծայրին , եւ պարզ տեսանելի է, որ եթե պոչանքն ավելանա, ապա ամբարտակի վրայից կթափվի: Իսկ պոչամբարի ներքևում Թեղուտ և Շնող գյուղերն են»: Թեղուտի հանքավայրը իր գործունեության 3 տարիների ընթացքում արդյունահանել է  25 մլն տ հանքաքար, պոչամբարի  ծավալը, ըստ նախագծի  174 մլն խմ է : Այն ծավալը, որը արդյունահանվել է, ըստ քննարկման մասնակիցների,   չէր կարող պոչամբարի պատվարի կայունության հետ կապված այսպիսի խնդիրներ առաջացնել: «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը կոռուպցիոն ռիսկեր է մատնանշում: «Պոչամբարը լցված է՝ նշանակում է՝ կա՛մ պոչամբարի ծավալները շատ ավելի փոքր են, կա՛մ արդյունահանման ծավալները խելագար ավելի շատ են եղել, այսինքն՝ ինչ-որ բան ճիշտ չէ այս թվերի մեջ»: Բնապահպաններին մտահոգում է նաեւ պետական մարմինների անտարբերությունը: Չունենք հստակ տեղեկատվություն պետական մարմիններից, դրանք մանիպուլացիաներ են, որոնք չեն բնութագրում իրական խնդիրը, ասում է «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը: Պատգամավոր Լենա Նազարյանը նշեց, որ Ելք խմբակցությունը մտադիր է հարցը քննարկել նաեւ ԱԺ-ում: Քննիչ հանձնաժողով ստեղծելու համար  անհրաժեշտ կլինի 26 պատգամավորի ստորագրություն: