Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնատար անձինք թոշակի գնալուց հետո կարող են հանգիստ բիզնեսով զբաղվել եւ թոշակ ստանալ. Կառավարության նոր օրենքը (տեսանյութ)

Քաղաքականություն
Hashmandamuciun_3

Aravot.am Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվեց կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի դրույթները նոր Սահմանադրությունից են բխում: Նախատեսվում է, որ նախագծի փոփոխության արդյունքում օրենքը կարգավորի ոչ միայն պաշտոնատար անձանց սոցիալական երաշխիքները, այլեւ գործունեության ապահովումը, մասնավորապես՝ ՀՀ նախագահի աշխատակազմի գործունեությունը, սպասարկումը, նրա սպասարկումը պաշտոնաթող լինելուց հետո, ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ կապված հարցերը, վարչապետի սպասարկումը եւ այլն: Արթուր Հովհաննիսյանը մի ուշագրավ փոփոխության մասին նշեց: Գործող կարգավորումներով, եթե պաշտոնատար անձը հետագայում զբաղվի ոչ միայն հանրային ծառայությամբ, այլեւ բիզնեսով, բացի գիտակրթական, մանկավարժական գործունեությունից, կզրկվի թոշակից: Հիմա գտնում են, որ այդ կարգավորումն արդարացված չէ: Այսինքն, պաշտոնյաները կարող են թոշակի գնալուց հետո նաեւ բիզնես անել: Փոխնախարարն ասաց, որ դատավորների համար էլ նախատեսվել է, որ միայն թոշակից կզրկվի, եթե հանրային ծառայության անցնի թոշակի գնալուց հետո, նա մեկ աղբյուրից երկու տեղից չպետք է սնվի՝ որպես թոշակ եւ որպես աշխատավարձ: Եթե թոշակի անցնելուց հետո զբաղվի այլ գործունեությամբ, չի զրկվի թոշակից. «Այդպես մենք շահագրգռում ենք տնտեսական այլ գործունեությամբ էլ զբաղվել, բացի գիտական, մանկավարժականից»: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/02/21/938464/