Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզահամերգային համալիրը «ուզող չունի». Արման Սահակյան (տեսանյութ)

Քաղաքականություն
arman-sahakyan

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով 2017թ. իրենց գործունեությունը, նշեց, որ իրենց մուտքերը կազմել են ավելի քան 685մլն դրամ, որը 2016թ համեմատ աճել է 4.7 անգամ։ Նա նաեւ նշեց, որ անցած տարի ՀՀ 240 քաղաքացու, այսինքն` մոտ 90 ընտանիքի նվիրաբերվել ու սեփականաշնորհվել է հանրակացարաններում իրենց զբաղեցրած սենյակները։ Արման Սահակյանն անդրադարձավ նաեւ ներդրումներին` նշելով, որ միայն այս տարի 17 մլն դրամի ներդրում է կատարվել Դվին հյուրանոցի վերանորոգման համար. «Եթե անցնեք հյուրանոցի կողքով, ապա կտեսնեք, որ այնտեղ ամենօրյա աշխատանքներ են իրականացվում։ Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 87 մլն դրամ»։ Պարոն Սահակյանը խոսեց նաեւ մարզում չօգտագործվող թվով 71 գույքի մասին, որոնք անհայտուց փոխանցվել են գործարարներին։ «Ա1+»-ը հետաքրքրվեց Արթիկի նախկին ավագ դպրոցի տարածքը ձեռք բերած ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր` Աստղիկ Ալեքսանյանի տեքստիլ ձեռնարկության մասին` արդյոք Պետգույքի վարչությունը հետեւողական է ներդրումային այս ծրագրին` սահմանված ժամկետներում գումարները ներդնելու համար, Արման Սահակյանը նախ հորդորեց հատուկ չշեշտել, թե ով է ձեռք բերել տվյալ տարածքը. «Ինչ վերաբերում է ավագ դպրոցը սեփականաշնորհելուն, ապա այս դեպքում եւս պետք չէ ընդգծել ավագ դպրոցի շենք լինելու հանգամանքը. ընդամենը տարիներ առաջ այն հանձնվել է ԿԳՆ-ին` շահագործման, այժմ այն պետության հաշվեկշռում է եւ հանձնված է մասնավորին` ձեռնարկություն զարգացնելու եւ աշխատատեղեր ստեղծելու համար։ Արդյունքում, Արթիկում ամեն ընտանիքից գոնե մեկ հոգի կարող է աշխատել։ Նույն կերպ Վայոց ձորում 27 տարի ժամկետով տեքստիլ արտադրություն է ստեղծվելու կրկին մասնավորի կողմից»։ Խոսելով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի, Ճոպանուղու կիսաքանդ շենքի մասին` Արման Սահակյանը նշեց, որ դրանք վարչության հաշվեկշռում չեն։ Իսկ Երիտասարդական պալատի` Կուկուռուզնիկի շենքի հետ կապված նա խորհուրդ տվեց դիմել Քաղաքաշինության կոմիտե։ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դեպքում, ըստ նրա, ոչ մի ներդրող դեռ չի հայտնվել. «Ուզող չկա»: Ինչ վերաբերում է ԳԱԱ շենքին, ապա պարոն Սահակյանը նշեց, որ այն երբեք չի վաճառվելու։ Լրագրողները հետաքրքրվեցին վարչապետի հետ նրա ունեցած բավականին լարված հարաբերություններին` Կառավարության նիստերին նրանք հաճախակի են տարաձայնություններ ունենում. «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք»: Վարչապետը նաեւ գերատեսչությունների ղեկավարներին հորդորել էր դուրս գալ չինովնիկի կարգավիճակից. «Ես նմա՞ն եմ չինովնիկի»: Կառավարության ընդունելությունների տունը ներառվել է մասնավորեցման ծրագրում։ Ինչպես նշեց Արման Սահակյանը` այն լուծարելու են եւ հանձնելու են ՀՀ 4-րդ նախագային` որպես նստավայր. «Այդ նպատակով նաեւ այնտեղ վերանորոգման աշխատանքներ են։ Այս շենքը պահելը բավականին թանկ հաճույք է պետության համար»: Արման Սահակյանն իր խոսքում անդրադարձել էր նաեւ այն պաշտոնյաներին, որոնք չարաշահումներ են կատարել կամ թերացել են իրենց աշխատանքում` նշելով, որ արդեն կան պատժվածներ, օրինակ` Ոսկերչական գործարանի կառավարչին անցյալ տարի ազատել են աշխատանքից։ https://youtu.be/cm1pye_S5_0