Հայտնի է Սերենա Ուիլյամսի այս տարվա ելույթների ծրագիրը

Թենիսի «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսի անձնական մարզիչ Պատրիկ Մուրատօղլուն հրապարակել է այն մրցաշարերի ցուցակը, որոնց պատրաստվում է մասնակցել աշխարհի նախկին առաջին ռակետը:

Ըստ այդ պլանի, 36-ամյա թենիսիստուհին հանդես կգա Ինդիան-Ուելսի, Մայամիի, Մադրիդ, Հռոմի, Ուիմբլդոնի մրցաշարերին, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի բաց առաջնություններին եւ տարվա ամփոփիչ մրցումներին, եթե, իհարկե, կարողանա նվաճել այդ իրավունքը:

Հավելենք, որ Սերենա Ուիլյամսը անցած կիրակի ԱՄՆ-ի հավաքականի կազմում մասնակցել է կանանց թենիսի ֆեդերացիայի գավաթի խաղարկությանը: Նա իր ավագ քրոջ՝ Վինուս Ուիլյամսի հետ զուգախաղերում պարտվել է Լեսլի Կերկհոֆ – Դեմի Սխուրս հոլանդական երկյակին՝ 2:6, 3:6:   

Նշենք, որ Սերենա Ուիլյամսն անցած տարվա սեպտեմբերի 1-ին լույս աշխարհ էր բերել իր առաջնեկին՝ Ալեքսիս-Օլիմպիային, ում հայրը ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն է: Անցած տարվա դեկտեմբերից նա սկսել էր մարզումները եւ պատրաստվում էր մասնակցելու Ավստրալիայի բաց առաջնությանը, սակայն չէր կարողացել լավ մարզավիճակ ձեռք բերել եւ ստիպված բաց էր թողել տարվա առաջին խոշոր մրցաշարը: