Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլային ո՞ր խաղերն են այսօր գլխավորները

Սպորտ
a1eurofootball-402

Եվրոպայի ֆուտբոլային առաջատար երկրների առաջնություններում այսօր կկայանան մի քանի ուշագրավ հանդիպումներ: Դա նախ եւ առաջ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում կայանալիք բարսելոնյան դերբին է: Խաղադաշտի տերերը՝ «Էսպանյոլի» ֆուտբոլիստները, ոչ մի կերպ չեն կարողանում կայուն խաղ ցույց տալ եւ դեռեւս պայքար են մղում Լա լիհայում իրենց տեղը պահպանելու համար: Իսկ ահա հյուրերը՝ «Բարսելոնայի» խաղացողները, ֆանտաստիկ մրցաշրջան են անցկացնում, տարել են 18 հաղթանակ եւ առայժմ ոչ մի պարտություն կրել: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:15-ին: Իսպանիայի Լա լիգայում այսօր կկայանա կենտրոնական խաղերից մեկը: Մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում կընդունի իրեն հաջորդող «Վալենսիային»: Երկու թիմերն էլ աշխատում են միավորներ չկորցնել, քանի որ նրանց կրնկակոխ հետապնդող Մադրիդի «Ռեալը» մեկ խաղ քիչ ունի եւ ցանկացած պահի կարող է հասնել եւ առաջ անցնել: Այդ հանդիպումը կսկսի ժամը 23:45-ին: Այսօր հետաքրքիր խաղ է սպասվում նաեւ Անգլիայի պրեմիեր լիգայում: Ժամը 20:30-ին «Լիվերպուլը» իր հարկի տակ կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»: Երկու թիմերն էլ պայքար են մղում ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար: «Լիվերպուլը» 50 միավորով 3-4-րդ տեղերն է բաժանում Լոնդոնի «Չելսիի» հետ, իսկ «Տոտենհեմը» 48-ով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Տանտերերը կփորձեն ոչ միայն առաջ պոկվել իրենց գլխավոր հետապնդողից, այլեւ ռեւանշի հասնել առաջին շրջանում 1:4 խոշոր հաշվով կրած պարտության դիմաց: Իտալիայի Ա սերիայում կայանալիք 23-րդ տուրում առաջատարները հիմնականում կհանդիպեն հետնապահների հետ: Ժամը 18:00-ին գործող չեմպիոն «Յուվենթուսը», որը ընդամենը մեկ միավորով է հետ մնում միանձնյա առաջատար «Նապոլիից», սեփական դաշտում կընդունի դեռեւս վտանգավոր գոտուն մոտ գտնվող «Սասուոլոյին»: Կեսգիշերից 15 րոպե առաջ մրցաշարի ընդգծված հետնապահ «Բենեւենտոն» իր հարկի տակ ուժերը կչափի նեապոլյան ակումբի հետ, որն անընմեջ հաղթանակներ է տարել առաջնության նախորդ վեց հանդիպումներում: