Հայաստանը միացել է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիային

Հունվարի 24-ին Ստրասբուրգում ստորագրվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության և Եվրոպայի խորհրդի «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված):

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ կոնվենցիան իր տեսակով հանդիսանում է եզակի բազմակողմ գործիք, որը հնարավոր է դարձնում հարկային համագործակցության բոլոր ձևաչափերը` կանխելով հարկումից խուսափելը և նպաստելով հարկեր չվճարելու դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ դարձնելուն:

«Կոնվենցիայի հիմնական նպատակն է ստեղծել միջազգային համագործակցության համար բարենպաստ պայմաններ երկրների հարկային օրենսդրությունների կատարելագործման համար` միևնույն ժամանակ պաշտպանելով հարկ վճարողների հիմնական իրավունքները: Կոնվենցիան իր մեջ ներառում է հարկային համագործակցության գրեթե բոլոր ձևերը՝ հարկային պարտավորությունների գնահատում, հավաքագրում, հարկերից խուսափելու և հարկեր չվճարելու դեմ պայքարի մեխանիզմների մշակում, տեղեկությունների փոխանակում և այլն»,- գրված է ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:

Հայաստանը թվով 117-րդ երկիրն է, որը միացել է կոնվենցիային: