Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր բանակը, մինչև ապրիլ, հաճույք էր ստանում՝ սիգարը ձեռքին. հետախույզ-վետերան

Քաղաքականություն
Vardanov-Hovhannisyan

«Մեր բանակը, մինչև ապրիլ, դափնիներից սարքած մի բազկաթոռի նստած, հաճույք էր ստանում՝ սիգարը ձեռքին: Էն ժամանակ, երբ մենք շատ բան չունեինք, լավ զինված հակառակորդին ծեծել ենք... Շատ քիչ էինք առաջ շարժվում»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց հետախույզ-վետերան Վովա Վարդանովը: Նրա խոսքով՝ Ապրիլյան պատերազմից հետո բանակին ավելի մեծ ուշադրություն սկսեցին դարձնել. համալրեցին տեխնիկապես, որը լավ է, բայց բավարար չէ, քանի որ պետք է զարգանա նաև մարդը։ «Զորամաս մտնելիս պետք է անշարժ վիճակում տեսնես միայն քնած զինվորին, այն էլ՝  «отбой»-ից մինչև «подъем». Բոլորը պիտի շարժվեն, մարզվեն: Հիմա ինչ-որ հանգիստ են տալիս զինվորներին և սպաներին: Ինչ հանգիստ, կհանգստանանք բոլորս գերեզմաններում: Բանակը միշտ պիտի լարված լինի, միշտ պարապելուց պիտի լինի կամ հակառակորդին ծեծելուց: Հիմա ազատ ժամանակը շատ է բանակում, պլանները մարդասիրական են: Զինվորը չպիտի մարդասիրական ոճով պարապի: Զինվորը 24 ժամից 20-ը պիտի զբաղված լինի իր մարտական պատրաստվածությունը բարձրացնելով»,- ասում է հետախույզ-վետերանը: «Ա1+»-ի հարցին, որն է խնդիրը, որ բանակն ամեն Աստծո օր սահմանին զոհ է ունենում, ասուլիսի մյուս հյուրը, որը ներկայացավ որպես գնդապետ Հովհաննիսյան՝ արձագանքեց. «Դա նշանակում է, որ մեր բանակը գործում է, դա նշանակում է, որ մեր բանակի դեմ կանգնած է թշնամի, որը ցանկանում է իր համապետական, ռազմական նպատակներն իրագործել, դա նշանակում է, որ մենք մարտնչում ենք, դա նշանակում է, որ մեր ազգը զոհում է իր լավագույն զավակներին՝ հանուն մեր գոյության: Իհարկե ցավ է, բայց ազգն իր գոյության համար արյուն է պահանջում»: Ըստ ասուլիսի բանախոսների՝ մենք կարող ենք Ղարաբաղը զիջել, փաթաթվել մեր 29 000 քմ-ի մեջ, կորցնել մեր ապագան և զոհեր չտալ: Գնդապետ Հովհաննիսյանը բացասական է գնահատում ՀՀ պաշտպանության նախարարի իրականացրած բարեփոխումները:  «Վիգեն Սարգսյանը բարոյապես և մարդկայնորեն իրավունք չուներ ստանձնելու պաշտպանության նախարարի պոստը,- ասում է նա:-Ինչ-որ մի գրագիր, որն ամբողջ կյանքում բանակի հետ կապ չի ունեցել, աթոռից աթոռ առաջ է գնացել և լուռումունջ՝ բացասական գնահատական է տալիս Բաղմանյան Հայկազին»: