Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի նմանությունը (տեսանյութ)

Հասարակություն
Ex1

Ուղիղ 17 տարի առաջ այս օրը, Հայաստանը պաշտոնապես դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ: Իշխանությունների գնահատմամբ, 2000 թվականի և 2018- ի Հայաստանները անհամեմատելի են. 17 տարիների ընթացքում մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ կոնվենցիաներ են ստորագրվել և վավերացվել: Լրագրող Արմեն Դուլյանը նշում է, որ փոփոխությունները նկատելի են,- «իհարկե կոնվենցիաների ստորագրումը շատ կարևոր է, թեկուզ այն պատճառով, որ հիմա հասարակ քաղաքացին, հենց իր հետ անարդարություն է պատահում, ասում է կդիմեմ եվրոպական դատարան, եթե մենք չլինեինք եվրախորհրդի անդամ, Հայաստանի քաղաքացին պարզապես իրավունք չէր ունենա դիմել»: Քաղաքացիներից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, նշում  է, որ դատական համակարգում խնդիրները շատ են,-«Ոչ մի տեղ չի գրվում, թե իսկապես, դատարանների վճիռը կատարվում է, թե ոչ, և ինչի պիտի դիմենք այլ դատարաններ, հոգնել ենք արդեն, ազնիվ խոսք,  մի ահավոր վիճակ է, քաոս։ Անդրեաս Ղուկասյանի նման մարդուն պահեն բանտի խցի մեջ՝ վատ հոտ, ոչ հիգիենիկ պայմաններ»: Երեկ Սերժ Սարգսյանը Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում ընդգծեց, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը նույնպես արդյունքներ է գրանցում՝ նշելով, որ տարեց տարի ավելանում են կոռուպցիայի վերաբերյալ քրեական գործերը՝ հանցագործությունների ընդհանուր թվի նվազման ֆոնին: «Շատ խորհրդանշական էր, որ ինքը կոռուպցիայի մասին խոսեց եվրոպայի խորհրդում, որը, ինչպես վերջին տարիներ համոզվեցինք՝ կոռումպացված կազմակերպություն է, որն ուզում է պայքարել կոռուպցիայի դեմ ու դա շատ նման է Հայաստանին, որտեղ կոռումպացված կառավարությունն ամբողջ օրը խոսում է կոռուպցիայի մասին։ Եվրախորհուրդը շատ հանգիստ կոռումպացվեց ադրբեջանցիների կողմից և դարձավ ոչ լավ կազմակերպություն»,- ասում է Արմեն Դուլյանը: