Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ (տեսանյութ)

Պաշտոնական
28823_b

Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Ֆրանսիա: Հանրապետության Նախագահի այցի ծրագիրը մեկնարկել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմամբ: Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած քսանվեց տարիները նշանավորվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ կապերի վերընթաց զարգացմամբ և այդ հարաբերությունները կրում են սերտ բարեկամական ու գործընկերային բնույթ, ինչի վկայությունն են բոլոր մակարդակների երկկողմ ակտիվ շփումները։  Հանրապետության Նախագահը և Փարիզի քաղաքապետը ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները թե՛ Փարիզում և թե՛ Երևանում` ընդգծելով գործընկեր մայրաքաղաքների միջև զարգացող ու ամրապնդվող համագործակցությունը, որում, ըստ Նախագահի, մեծ է քաղաքապետ Անն Իդալգոյի անձնական ներդրումը։ Նախագահը հույս է հայտնել, որ փոխադարձ վստահությունը, ինչպես նաև տիկին Իդալգոյի՝ Հայաստան կատարած այցերի տպավորությունները կնպաստեն Երևանի ու Փարիզի միջև առավել համարձակ և առարկայական ծրագրերի իրականացմանը։  Հանրապետության Նախագահը շնորհավորել է քաղաքապետին` Փարիզը «Հորիզոն 2020»-ի շրջանակներում Եվրոպայում ամենանորարար, ամենաստեղծարար քաղաքը ճանաչվելու կապակցությամբ։ Նախագահը նշել է, թե տեղյակ է, որ Փարիզի ու Երևանի քաղաքապետարանների միջև գրեթե ամենօրյա սերտ շփումներ կան, և որ Փարիզը պատրաստակամ է Երևանի հետ կիսելու իր լավագույն փորձն, ու արդեն կան այդ պատրաստակամության շատ որոշակի դրսևորումներ:  Անն Իդալգոն դրվատանքով է խոսել Փարիզի հայկական համայնքի մասին՝ ընդգծելով, որ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ ամենատարբեր բնագավառներում մեծ հաջողությունների են հասել և զգալի ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում, ինչպես նաև հասարակական, քաղաքական կյանքում: Փարիզի քաղաքապետը հիացմունքով է արտահայտվել նաև «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին` Նախագահին տեղեկացնելով, որ նախատեսում են ընթացիկ տարում հայկական նախագիծ հանդիսացող «ԹՈՒՄՈ»-ի օրինակով կենտրոն ստեղծել Փարիզում, որը կդառնա երկկողմ բարեկամության ևս մի կամուրջ։  Սերժ Սարգսյանը, հանդիպման պատեհ առիթով, քաղաքապետ Անն Իդալգոյին հրավիրել է մասնակցելու մայրաքաղաք Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակներում անցկացվելիք միջոցառումներին: Փարիզի քաղաքապետը շնորհակալությամբ և սիրով ընդունել է հրավերը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտապարտ ժողովուրդ է և ջերմությամբ է իր պատմության էջերում պահում այն անունները, որոնք հաղորդակից են իր խնդիրներին։ Այս համատեքստում Նախագահը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել Անն Իդալգոյին հայերին հուզող խնդիրների և փարիզաբնակ հայերի հանդեպ նրա կողմից մշտապես ցուցաբերվող ուշադրության և զգայունության համար:  Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ստորագրված շրջանակային համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության խորացմանը և Հայաստանում իրականացվելիք բարեփոխումներին:  Հանդիպումից հետո Փարիզի քաղաքապետարանում, ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելության, տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը և քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով: