Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աստված թող բոլորին առողջություն տա. ոչ մի պաշտոն հավիտյան չէ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vahram-baxdasaryan

ԱԺ ճեպազրույցներին այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Ելքի այն դիտարկմանը, թե ՀՀ նախագահի իրենց թեկնածուին իշխանական մեծամասնությունը հնարավորություն չի թողել մասնակցելու ընտրությանը, նշեց. «Մենք չէ, որ պետք է այդ հնարավորությունը տանք, այլ իրենց մեջ պետք է փնտրեն, իրենց հնարավորությունների շրջանակներում»: ՀՀԿ խմբակցության ղեկավարը դեմ չէր լինի, եթե իրենց թեկնածուին մրցակից լիներ։ Ըստ նրա` չկա որեւէ մարդ, որ իդեալական լինի. «Ես խորհուրդ կտամ խոսել Արմեն Սարգսյանի դրական կողմերի մասին. նման կենսագրություն ունեցող մարդը կարող է լավ աշխատանք տանել»: Այն հարցին, որ ՀՀ շատ պաշտոնյաներ իրենց պաշտոնը թողնում են` պատճառաբանելով առողջական վատ վիճակը եւ արդյոք Արմեն Սարգսյանն ինչ-որ մի պահի հնարավոր է էլի նույն կերպ թողնի, հեռանա, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Աստված թող բոլորին առողջություն տա. ոչ մի պաշտոն հավիտյան չէ»: Ինչ վերաբերում է գնաճին, ապա նրա կարծիքով` վերահսկելի է. «Արհեստական որեւէ քաղաքականություն հարկային դաշտում չի լինելու, դուրեկան բյուջե չի ներկայացվել։ Մենք ռեալ գնահատում ենք իրավիճակը։ Հարկերի իջեցումով գների նման քաղաքականություն տանել հնարավոր չէ։ Մենք ապագային միտված բյուջե ենք ներկայացրել, որ հետագայում թոշակների ու աշխատավարձերի բարձրացում լինի, ներդաշնակ տնտեսական աճ ունենանք։ Հաջորդ տարիներին դրա արդյունքները կտեսնենք։ Վարչապետ Կարեն Կարապետյանի ասածը գազի պահով այն է, որ նա պարզապես նշել է, որ կան այլընտրանքային տարբերակներ։ Բենզինի գինը միջազգային շուկային ներդաշնակ է»: «Ա1+»-ի այն հարցին, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին արգելել են հատել հայ-վրացական սահմանն ու մուտք գործել Ջավախք, եւ տիկին Փոստանջյանի համոզմամբ, դա ՀՀ իշխանությունների հրահանգն է եղել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Չէի էլ կասկածում, որ Զարուհի Փոստանջյանը նման բան պետք է ասեր մեր մասին։ Երբ ԱՄՆ-ում նա ցույցեր էր անում ու նրան արգելում էին, ասում էր էլի, որ ՀՀ իշխանություններն են մեղավոր։ Ստացվում է` մենք կարողանում ենք ազդեցություն ունենալ ԱՄՆ իշխանությունների վրա»: