Արմենի և Սմբատի կյանքի նկատմամբ վտանգավոր այլ գործոններ կան. Ա. Սաքունց (տեսանյութ)

Արդեն հայտնի է, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ  Արմեն Բիլյանը  դադարեցրել է հացադուլը։ 25 -օրյա հացադուլից հետո, նա տեղափոխվել է  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Սմբատ Բարսեղյանը դեռևս գտնվում է հացադուլի մեջ։  Պահանջը նրանց մնում է՝ անփոփոխ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից  տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը  առաջարկում է հասկանալ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի հայտարարությունների տողատակերը։ Առնվազն 800 դատապարտյալ կա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, բայց ինչո՞ւ են պայմաններից բողոքում  հենց նրանք։

«Ի՞նչ է, այդ մարդիկ ունակ չե՞ն հարմարվելու այդ պայմաններին՝ ոնց մնացածները։ Պատճառը բոլորովին այլ է։ Ես հարցը բարձրացնում և հիմնավորում եմ, որ Արմենի և Սմբատի կյանքի նկատմամբ վտանգավոր այլ գործոններ կան, որոնց մասին նրանք չեն համաձակվում բարձրաձայնել, ես եմ բարձրաձայնում»,-ասում է Արթուր Սաքունցը։

Նինա Կարապետյանցը  մի հանգամանք է հիշեցնում՝  «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մի քանիսի՝ նույն պահանջը ժամանակին բավարարվել է՝ առանց լրացուցիչ բարդությունների։

Արմեն Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը նշում է, որ քրեակատարողական վարչությունից իրեն և դատարանին իրարամերժ պատասխաններ են տրվել. «Ինձ հասցեագրված պատասխանում նշվում էր, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվություն է անհրաժեշտ, իսկ դատարանին հասցեագրված նամակում ասվում էր, որ տեղափոխման անհրաժեշտություն չկա։

Ըստ փաստաբանի՝  Արմեն Բիլյանի վիճակն արդեն ծայրահեղ ծանր է, չնայած որ դուրս է եկել հացադուլից։