Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուվարի 13-ը պետք է նշել, որպես Հիսուս Քրիստոսի անվանակոչության օր. քահանա (տեսանյութ)

Հասարակություն
Ter-Zareh

Թեև մենք՝  հայերս, հունվարի 13-ը նշում ենք որպես հին տոմարով Նոր տարի, բայց այդ օրը եկեղեցական տոնացույցով համապատասխանում է Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրվան: Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սրբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը՝ «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ տոնական օրն ու սեղանը պետք չէ կապել Ամանորի հետ: «Հունվարի 13-ը մեզ համար ոչ թե հին Նոր տարին նշելու առիթ , այլ Քրիստոսի անվանակոչության օրը հիշատակելու և աղոթելու առիթ է: Եկեղեցիներում պատարագ է մատուցվում: Դրանց մասնակցելու առիթ է: Մեր եկեղեցական օրացույցով դա քրիստոնեական տոն է: Տոնական ուտեստները՝ մեր հայկական ավանդական ուտեստները կարող են լինել: Բայց դա մենք ոչ թե պետք է կապենք ամանորի հետ, այլ պետք է կապենք բուն տոնական օրվա խորհրդի՝ Հիսուս Քրիստոսի անվանակոչության հետ»,- նշեց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը: Տոմարները պետք են՝ որոշակի ծիսական արարողակարգերի իրականացման համար: «Ամանորը Հուլիոս Կեսարի ժամանակ ընդունված տոմարի համաձայն՝ սկսվեց նշվել հունվարի 1-ին: Ըստ այդ տոմարի՝ տարին ուներ 365 օր 6 ժամ: Մինչդեռ, ճշգրիտ հաշվարկները, որոնք իրականացվել էին 1582 թվականին՝ Հռոմի Գրիգոր 3-րդ Պապի հրավիրած մասնագետների կողմից, տարին նոր տոմարի համաձայն ունեցավ 365 օր 5 ժամ 48 րոպե և 46 վայրկլյան: Մինչև 1582 թվականը կուտակվել էին 10 ազատ օր»,- հայտնեց քահանան:  Ըստ Նիկիայի տիեզերաժողովի՝ գարնանային գիշերահավասարը, որն օգնում էր որոշելու «Զատկի» օրը, մարտի 21-ն էր, իսկ հին տոմարի հետևանքով գիշերահավասարը համընկնում էր մարտի 11-ին: Սխալը շտկելու համար նոր հանձնախումբ ստեղծվեց: Նոր տոմար ընդունվեց, որը 340 տարիների ընթացքում ընդունելի դարձավ գրեթե բոլոր քրիստոնյա պետությունների համար: «Արդեն 1918 թվականին այն ընդունելի դարձավ նաև Խորհրդային պետության համար: Ըստ այդ տոմարի՝ ավելացած 10 օրերին ավելացան ևս 3 օրեր 1582 թվականից մինչև 1918 թվականը: Դրա հետ մեկտեղ՝ հունվարի 1-ը, որը նշվում էր որպես Ամանոր, դարձավ հունվարի 13 հին տոմարով: Սա է ամբողջ պատմությունը, որ մեր ազգը ունի այս հասկացողությունը՝ հին Նոր տարի»,- հայտնեց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը: Բոլոր նախկին Խորհրդային պետությունները հին տոմարով Նոր տարին նշում են, բայց թե ինչ ճոխությամբ՝ քահանան չի կարող ասել: