Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (տեսանյութ)

Տնտեսություն
Tigran-Sargsyan

Մինչ նաիրիտցիներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում, Հայաստանի Հանրապետությունում հասցրեց 3 վարչապետ փոխվել, սակայն վարչապետների հետ չփոխվեց նրանց խնդիրն ու պահանջը։ Արդեն 2 տարի է, ինչ նաիրիտցիներն ամեն հինգշաբթի հավաքվում են Կառավարության դիմաց, իրենց ձայնը տեղ հասցնելու համար։ «Տիգրան Սարգսյանի օրոք է այս ամեն ինչը սկսվել։ 2 տարի պայքարելուց հետո նոր մեր աշխատավարձը ստացանք։ Վերջապես մենք դատարանով մայր գումարը ստացանք, բայց այդքան ուշացումների համար տույժ ու տուգանքներ էր հասնում, իրենք մեզ չտվեցին։ Մեզ հետ ստորաբար վարվեցին, շանտաժի ենթարկեցին։ Ասացին՝ մենք ձեր մայր գումարը չենք տա, դուք կմնաք սոված, ինչպես 2-3 տարի եք մնացել, եթե չգաք ու չասեք, որ տուգանքներից հրաժարվում եք։ Մենք վախեցած ինչ թուղթ տվեցին մեզ ստորագրեցինք»,- ասաց Նաիրիտի նախկին աշխատակցուհի Մարիա Ղազարյանը ։ Նաիրիտի աշխատակիցները տարբեր խմբերով փորձում են պայքարել նաև իրավական դաշտում։ Անցել են առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններով։ Հիմա էլ պատրաստվում են Վճռաբեկ դատարան դիմել։ Նրանք պահանջում են, որպեսզի իրենց վճարեն նաև աշխատավարձերի ուշացման արդյունքում առաջացած տուժերն ու տուգանքները։ Ըստ նրանց՝ ժամանակին իրենց հարկադրել են նման պահանջ չներկայացնել։ «18 հոգու գործը վերաքննիչ դատարանից բողոքարկում ենք վճռաբեկ դատարան։ Հետագայում պատրաստվում ենք նաև Եվրոպական դատարան դիմել, որովհետև արդար դատաքննության խախտման օրինակ ունենք։ Բացառիկ դեպք է։ Դատարանը, առանց կողմերին հարցնելու լրացուցիչ նյութեր ունեն թե ոչ, դատաքննության ավարտ է հայտարարել մեր բացակայությամբ, և առանց հայցվորներին և ինձ ծանուցելու անցել է խորհրդակցական սենյակ և վճիռ է հրապարակել։ Բողոքարկեցինք վերաքննիչ դատարան, դատավորը շատ անհասկանալի ձևով, շատ ագրեսիվ դատավարություն անցկացրեց, դատավարական բոլոր տեսակի նորմերը խախտելով՝ որոշում է կայացրել, որը պետք է բողոքարկենք վճռաբեկ դատարան»,- նշեց մի խումբ նաիրիտցիների շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Սարգսյանը։ Նաիրիտի աշխատակիցները վստահ են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վճիռն իրենց օգտին կլինի, որովհետև խախտվել է Եվրոպական կոնվենցիայով սահմանված արդար դատաքննության իրավունքը։