Ուկրաինայի կառավարությունն ու ապստամբները սկսել են գերիների փոխանակումներ

Ամերիկայի Ձայն

Ուկրաինայի կառավարության և Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող ապստամբները սկսել են փոխանակել ռուսամետ ուժերի կողմից սկսված ապստամբության արդյունքում գերի ընկած անձանց։ Փոխանակման գործում միջնորդի դերով է հանդես գալիս Ուղղափառ եկեղեցու առաջնորդներից մեկը:

Չորեքշաբթի օրն Ուկրաինայի իշխանություններն ու Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող ապստամբները սկսել են գերիների փոխանակման գործընթաց: Սա ամենածավալուն փոխանակումն է 2014 թվականին Ուկրաինայում ռուսամետ ուժերի կողմից սկսված ապստամբությունից ի վեր:

Ըստ համաձայնագրի, Կիևը պարտավորվել է 74 գերիների դիմաց հանձնել ապստամբ ուժերից գերի ընկած 306 անձանց։

Ուկրաինայի արևելյան հատվածում հակամարտությունը սկսվել է 2014 թվականի ապրիլին, այն բանից հետո, երբ Ռուսաստանն իրեն բռնակցեց Ղրիմը: Ժամանակավոր զինադադարների հաստատումը հանդարտեցնում էր բռնությունները, սակայն սպանությունները շարունակվում էին: Ուկրաինայի զորքերի և Ռուսատսանի կողմից աջակցություն ստացող ապստամբների միջև անընդմեջ ընդհարումների հետևանքով առնվազն 10 հազար մարդ է զոհվել: Ըստ 2015 թվականին ստորագրված համաձայնագրի, բոլոր բանտարկյալները պետք է փոխանակվեին, սակայն կասկածներ կան, որ երկու կողմերում էլ կան հարյուրավոր գերիներ, որոնց պահում են որպես հետագայում սակարկելու միջոց։

Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչներից մեկն ու ապստամբների առաջնորդները անցած շաբաթ էին համաձայնվել գերիների փոխանակումն իրականացնել Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդի միջնորդությամբ։

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը երկուշաբթի օրն ասել է,-«Հուսով եմ, որ սկսված գործընթացը կշարունակվի և կդառնա արդար և երկարատև խաղաղության հաստատման երաշխիք»:

Ուկրաինան և նրա Արևմտյան դաշնակիցները Ռուսաստանին մեղադրում են սահմանից այն կողմ զորք և զինամթերք ուղարկելու մեջ: Մոսկվան հերքում է այս մեղադրանքները: