Դատավորը Սասնա ծռերի գործով դատախազների հանդեպ նախազգուշացում կիրառեց (տեսանյութ)

«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի հենց սկզբում  Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց նիստերի դահլիճ վերադարձնել Մարտիրոս Հակոբյանին՝ Դեդին: Հիշեցնենք, որ դատավոր Արթուր Օհանյանը որոշեց երեք ժամով հեռացնել Մարտիրոս Հակոբյանին նիստերի դահլիճից, քանի որ նրա եւ դատախազների միջեւ լեզվակռիվ էր եղել: Պաշտպաններն ու «Սասնա ծռեր»-ի անդամները միացան միջնորդությանը: Վարդան Գերավետյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստում դատախազը Մարտիրոս Հակոբյանին «թուրք» է անվանել: «Նա նույն  թուրքի դեմ է կռվել եւ արժանիքներ ունի, ինչը դուք չունեք: Ժամանակին  ձեր պես դատարանը Նժդեհին էր դատում հայրենասիրության համար: Ամեն ինչ անում եք, որ Ադրբեջանը հրճվի՝ այստեղ Արցախյան պատերազմի հերոսներին են դատում»,- ասաց Վարդան Գերավետյանը՝ դիմելով դատախազներին:

Իսկ դատախազ Արթուր Չախոյանն էլ ավելացրեց՝ իրենց կողմից նիստերը խափանելուն ուղղված քայլեր չեն արվել: Իսկ Մարտիրոս Հակոբյանը խախտել է դատական նիստի կարգը, ուստի կիրառված սանկցիան իրավաչափ է:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Արթուր Օհանյանը որոշեց մերժել Մարտիրոս Հակոբյանին դահլիճ վերադարձնելու միջնորդությունը, իսկ դատախազների հանդեպ նախազգուշացում հայտարարեց:

Դատարանը շարունակում է հետազոտել գործում առկա գրավոր ապացույցները: