1997-2017 թթ. տաղանդավոր համարվել են միայն Հայ առաքելական եկեղեցու սպասավորները (տեսանյութ)
Վերջին երկու զորակոչերի ընթացքում 3 երիտասարդ զորակոչվել է բանակ՝ չնայած առողջական խնդիրներին. «Դրանցից երկուսը ճանաչված են եղել շարային ծառայության համար պիտանի եւ մեկը սահմանափակումով ծառայության համար պիտանի: Երեք անձանցից մեկը ընդամենը երկու օր անց հայտնվել է հոսպիտալում՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով, իսկ երկուսը երկու շաբաթ անց»,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զեկույց է պատրաստել 2016 թ ձմեռային եւ 2017 թ ամառային զորակոչերի ընթացքում իրավունքների խախտման վերաբերյալ։ Զեկույցը ներառում է նաեւ 2017 թ ամառային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած 22 զորակոչիկների հետ անցկացված հարցումների արդյունքները: 22 հարցվածներից 16-ը նշել են՝ բժշկական հանձնաժողովի անդամները անտարբեր վերաբերմունք են ցուցաբերել իրենց նկատմամբ, մեկ հոգի էլ հավելել է, որ ծաղրանքով են վերաբերվել. «Քաղաքացին ներկայացնում է իր խնդիրը, եւ բժիշկները եւ հանձնաժողովի անդամները շատ ժամանակ ասում են, դու ի՞նչ ես հասկանում դրանից»,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգողը: Ըստ Արմինե Սադիկյանի՝ անձի բժշկական զննությունն պետք է լինի գաղտնիության պայմաններում եւ յուրաքանչյուրին անհատական պետք է զննեն, Այս զորակոչերի ընթացքում 59 զինակոչիկ է իրավական աջակցություն ստանալու համար դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: Դիմած 59 անձանցից 50-ը ունեցել են առողջական խնդիրներ: Իրավական աջակցություն ստանալու արդյունքում 7 զորակոչիկ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում է ստացել: Ի դեպ, 1998-ից մինչեւ 2017 թ հուլիսի 31-ը տարկետում տրամադրվել է 1282 քաղաքացու, որոնցից 717-ը կրթության ստանալու են վերաբերել, իսկ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը եղել են հոգեւորականներ: «Աշխատանքայինին, մշակութային բնագավառի գործիչները երեք հոգի են, սպորտի բնագավառում 11 հոգի: Տեսնում ենք, որ որոշման պրակտիկան վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն:Պաշտպանության նախարարը երբ հայտարարում էր, որ դա վերաբերելու է առանձնապես տաղանդավոր երիտասարդներին: Առայժմ տեսնում ենք, որ 1997-ից 2017 թ պրակտիկայում տաղանդավոր համարվել են միայն Հայ առաքելական եկեղեցու սպասավորները»,- հավելում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Ըստ իրավապաշտպանի՝ սա պետք է վերացվի, քանի որ ակնհայտ խտրական վերաբերմունք է քաղաքացիների նկատմամբ եւ սահմանադրական նորմի կոպիտ խախտում: