«ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը խոզի բուդ չի բերի»

Միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում անցկացվեց կլոր սեղան-քննարկում «2017թ. իրական եւ 2018թ. սպասվող ՀՀ-ն. անցյալի իներցիա, թե փոփոխությունների մեկնարկ» թեմայով։
ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանն, անդրադառնալով միջազգային զարգացումներին, մասնավորապես ԱՄՆ-Արեւմուտք փոխհարաբերություններին, նշեց. «Շատ լուրջ տարաձայնություններ կան ԵՄ եւ ԱՄՆ միջեւ` Իրանի, ՆԱՏՕ-ի եւ բազմաթիվ այլ հարցերում։ Այս հակամարտությունը առաջիկայում նոր ընթացք կստանա։ 2018թ. ՌԴ-ում եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են սպասվում, եւ այդ առումով Ղարաբաղյան հակամարտության առումով սրացումներ չեն սպասվում։ Իհարկե, բոլորի համար կանխատեսելի է Պուտինի ընտրվելը, սակայն չեն բացառվում անակնկալները»։
Քննարկման մասնակից Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն իր խոսքում անդրադարձավ տնտեսական ցուցանիշներին։ Նա նշեց, որ այսօր ամենաթույլ օղակը կրթությունն է, ինչպես նաեւ` հանրային ծառայությունների որակը, որի համար հիմա բավականին թանկ են վճարում. «Ինչ անել կամ չանել. չանել ընտրությունները նախկինի նման, չանել կոռուպցիա։ Անել այն, ինչ հնգամյա ծրագրում նշված է։ Եկող տարին պահպանողական տարի է լինելու»: 
Տնտեսագետ Արտակ Մարկոսյանն իր խոսքում նշեց, որ տարկետում միեւնույնն է` լինելու է. «Ափսոս ուշացած է լինելու։ Տարկետումը չի խանգարելու նրանց, որոնք իսկապես ուզում են գիտությամբ զբաղվել»:

 Քաղաքագետ Հայկ Գաբրիելյանն, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից Երուսաղեմը` որպես Իսրայելի մայրաքաղաք հռչակելու հարցին, նշեց, որ դա ընդամենը Թուրքիայի նախագահ Էրդողանի համար հրաշալի առիթ էր` համաիսլամական շարժում սկսելու համար. «Բացի այդ, նա նպատակ ուներ բարեփոխել ՄԱԿ-ի խորհուրդը` 5 անդամից այն դարձնելով 20` իրեն եւս ներգրավելով այդ կազմում։ Թուրքիան նպատակ ունի իր ազդեցությունը մեծացնել իսլամական աշխարհում»։ 
Քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը կարծիք հայտնեց, որ 2018թ. ՀՀ-ում կսկսի գործել թուրքական ավիաընկերություն, որքան էլ ադրբեջանական լոբբինգը ուժեղ լինի»։

Նա անդրադարձավ նաեւ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրմանը` նշելով. «Կա մտավախություն, որ հայկական կողմը այն ստորագրեց` ֆինանսական միջոցներ ներգրավելու համար։ Ճիշտ է, թղթի վրա որոշակի գործընթացներ ցույց կտա հայկական կողմը, բայց իրականում իշխանությունը կոնսոլիդացնելու, պահպանելու համար»:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ իր խոսքում նշեց, որ դրամատիկ տարի էր 2017թ. «Մենք ՌԴ-Արեւմուտքի առճակատման արդյունքում հայտնվեցինք նրանց արանքում։ Ընդհանրապես, եկող տարին լինելու է իրերն իրենց անուններով կոչելու հրամայականի տարի. պետք է դիագնոզը ճիշտ դնենք, ու իրականությունն ու քարոզչությունը տարբերենք»։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, նշեց, որ 2017թ. շատ հաջողված տարի է համարում. «Երուսաղեմի հետ կապված հարաբերությունների ճեղքում կա, մինչդեռ ՌԴ համար ՀՀ-ն ավելի է արժեւորվել է։ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը նյութական բան չի ավելացնի, Ամանորին սեղանին խոզի բուդ չի ապահովի, սա ուղղակի նոր հնարավորություն է ու մի փոքր ավելի շատ անվտանգություն` ՀՀ ժողովրդի համար։ ՀՀ պետք է սկսի այն ռեֆորմները, որոնք ստանձնել է։ 
Արտաքին քաղաքականությունում Նախաձեռնողականություն պահպանելով, մի քանի բեւեռների հետ խուսանավելով պետք է հարաբերություններ կառուցել։ Այդ բեւեռներն են` ՌԴ- ԵՄ, ԱՄՆ-Իրան, ՌԴ-ԱՄՆ, Իրան-Իսրայել, ՌԴ-Ուկրաինա. բոլոր այս կողմերի հետ պետք է զարգացնել հարաբերություններ»: