Պարզաբանում՝ հացադուլի դիմած Արմեն Բիլյանի պահման վայրի մասին

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված անձ Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Արմինե Ֆանյանի կողմից արված հայտարարությունների` Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է,  որ Արմեն Բիլյանն ընդամենը երեկ՝ ժամը 21.15-ից է գտնվում հացադուլի մեջ, գանգատվել է գլխապտույտներից: Պնդումներն այն մասին, թե քրեակատարողական հիմնարկն այս հարցով անգործություն է դրսևորում, անհիմն են, քանի որ առաջիկա օրերին Բժշկական աշխատանքային հանձնաժողովը կզննի նրան և անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկի:

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե Արմեն Բիլյանը պահվում է սարսափելի ցուրտ, անմարդկային պայմաններում, ապա նշենք, որ հայտարարությունն իրականության հետ որևէ կապ չունի, քանի որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործում է կենտրոնացված ջեռուցման համակարգ, բոլոր խցերը ջեռուցվում են, այդ թվում` և այն խուցը, ուր այս պահին պահվում է Արմեն Բիլյանը:

  

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին