Արայիկ Խանդոյանը վատացել էր,  Արմեն Բիլյանը՝ հացադուլ սկսել (տեսանյութ)

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանն արդեն 3 օր է հացադուլ է հայտարարել. «Երեկ է պաշտոնապես դիմում է գրել, հիմա գտնվում է հացադուլավորների խցում, որտեղ կյանքի համար անհամատեղելի պայմաններ են: Ահավոր  ցուրտ  է եւ հնարավոր չէ մնալ այդ սենյակում»,- ասաց նրա պաշտպան Արմինե Ֆանյանը:

 Արմեն Բիլյանը հացադուլ հայտարարելով՝ պահանջում է իրեն պատշաճ բուժօգնություն ցուցաբերել. «Ներկայումս գլխապտույտներ ունի, աչքի այրոց, գլխի մեջ այրոցներ»:

    Եթե Արմեն Բիլյանը պահանջում է պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, ապա նրա պաշտպան Արմինե Ֆանյանը  նաեւ  պահանջելու է  նրան տեղափոխել  «Նուբարաշեն» ՔԿՀ-ից.  « Քանի որ գտնում ենք, որ այդ քրեակատարողական հիմնարկը կյանքի նվազագույն պայմաններ նույնիսկ ի զորու չէ ապահովվել:  13 հոգի է բնակվում պաշտպանյալիս խցում, բոլորն էլ ծխում են եւ նրա առողջական վիճակի պայմաններում ուղղակի անհամատեղելի են»:

Չնայած հացադուլի մեջ գտնվելուն, այսօր Արմեն Բիլյանը ներկայացել էր դատարան: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկած «Սասնա ծռեր» 1-ի գործով  դատական նիստի հենց սկզբում Գագիկ Եղիազարյանը ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ: Դատավոր Մեսրոպ Մակյանը լսելով հայտարարության մի փոքր մասը ՝ հայտարարեց, որ այն ապացույցների հետ կապ չունի եւ թույլ չտվեց շարունակել:   Գագիկ Եղիազարյանը հրաժարվեց մասնակցել նիստին:

«Ես կողջունեմ, որ դուք մնաք եւ մասնակցեք ապացույցների հետազոտմանը, որպեսզի կարողանաք այսօրվա նիստի ավարտին հանդես գալ հայտարարությամբ»,- հայտարարեց Մեսրոպ Մակյանը:

Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը  հայտարարեց՝ իր պաշտպանյալին թույլ չեն տվել ՔԿՀ-ից դատարան բերել տետրը, որտեղ գործին առնչվող գրառումներ են արվել:

 Այս առնչությամբ,  Մեսրոպ Մակյանը  ցանկացավ  լսել  Սմբատ Բարսեղյանին: Վերջինս ասաց՝  տետրը ստիպված է եղել թողել խցում, որպեսզի ձեռքից չվերցնեն:

Հայկ Ալումյանը միջնորդեց մի քանի ժամով նիստը հետաձգել, մինչեւ պարզվի իրականում ինչ է տեղի ունեցել:  Երբ դատախազը ցանկանում էր միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնել, Սմբատ Բարսեղյանը շարունակում էր խոսել:

Դատավոր Մեսրոպ Մակյանը նախազգուշացրեց՝ ստիպված է լինելու խոսափողները հավաքել եւ ընդմիջում հայտարարեց:

  Ընդմիջումից հետո խոսափողները հավաքված էին:  Սա առաջացրեց Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանի զարմանքը:  «Հիմա հաջորդ անգամ,  ենթադրենք,  «Սասնա ծռեր»-ից որեւէ մեկի վարքագիծը ձեզ դուր չգա, այդ անգամ կարող է սեղաններն էլ հավաքե՞ք: Դուք դա արեցիք մեզ ինչ- որ չափով անհարմարություն պատճառելու համար»,- ավելացրեց Հայկ Ալումյանը:  

Փոխարենը դատավոր Մեսրոպ Մակյանը  վստահեցրեց՝ ավելի հարմար է լինելու. «Եթե անհարմարություն լինի, խոստանում եմ նախկին վիճակին բերել»:

Դատավորը նաեւ տեղեկացրեց, որ այսօր Շտապ օգնություն է հրավիրվել դատարան՝ Արայիկ Խանդոյանի համար:  Այնուհետեւ դատարանը սկսեց հետազոտել գործում առկա գրավոր ապացույցները: