Մարդիկ չգիտեն՝ աջակցու՞մ են Սասնա ծռերին, թե՞ ոչ (տեսանյութ)
«Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց Հայաստանում հարցում է անցկացվել ՝ փորձելու պարզել հանրության վերաբերմունքը։ « Չնայած նրան, որ մարդկանց 70 տոկոսից ավելին գտնում է, որ մարդիկ պետք է բողոքի ակցիաների մասնակցեն, «Սասնա ծռեր»-ին աջակցում է 39 տոկոսը, շատ են մարդիկ, որոնք չեն կարողանում կողմնորոշվել՝ իրենք աջակցո՞ւմ են, թե՞ չեն աջակցում»,- ասում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրերի ղեկավար Նաիրա Վարդանյանը: Կենտրոնն այս հետազոտությունն իրականացրել է Հայաստանում եւ Վրաստանում՝ քաղաքացիներին տալով քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներին վերաբերող հարցեր։ Բացի դասական հարցերից՝ եղել է նաեւ կոնկրետ հիմնախնդիրներին վերաբերող հարցաշար «Ապրիլյան պատերազմ, սիրիահայերի հոսք, սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարցեր ենք ունեցել: Թեթեւ փոփոխություններ կարելի է նկատել, մարդիկ ավելի ինֆորմացված են դարձել, ինտերնետ օգտագործողներն են բավականին շատացել եւ մայրաքաղաքում եւ գյուղերում»,- ասում է Նաիրա Վարդանյանը: Թեեւ ինտերնետ օգտագործողների թիվը Հայաստանում ավելացել է , սակայն քաղաքական հարցերի շուրջ մարդիկ կողմնորոշված չեն։ Հարցերից մեկն էլ վերաբերել է ապրիլյան պատերազմին, թե այն ինչ ազդեցություն ունեցավ հայ հասարակության վրա: Հարցվածների 20 տոկոսը կարծիք է հայտնել, որ Արցախը պատրաստ չէր նման հարվածի։ Միաժամանակ Ռուսաստանին բարեկամ համարողների թիվն է նվազել. «2013 թ –ին 84 տոկոս էր, 2015-ին՝ 74, իսկ այս տարի 64 տոկոս»,- ավելացնում է Նաիրա Վարդանյանը: Ըստ հարցման արդյունքների՝ Հայաստանում հարցվածների 94 տոկոսը շարունակում է մնալ ավանդապաշտ, Վրաստանում՝ 98 տոկոսը: 2017 թ դեմ առ դեմ հարցազրույցներին մասնակցել է 4046 մարդ, 1648-ը Հայաստանում եւ 2416-ը՝ Վրաստանում: Ավելին՝ տեսանյութով