Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի հավաքականը պարտվեց երրորդ տուրում

Սպորտ
a1chess-olimpiada

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում մեկնարկած մինչեւ 16 տարեկանների շախմատի Օլիմպիադայում կայացան 3-րդ տուրի հանդիպումները: Երկու հաղթանակ տարած Հայաստանի հավաքականը մրցեց Հնդակաստանի «կանաչ» թիմի հետ, որի կազմում ընդգրկված են ամենաբարձր վարկանիշ ունեցող պատանի շախմատիստները: Մեր երկու առաջատարները՝ Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը միասին 1,5 միավոր վաստակեցին, իսկ ահա 3-4-րդ խաղատախտակների վրա հանդես եկող Դավիթ Միրզոյանն ու Մամիկոն Ղարիբյանը տանուլ տվեցին իրենց պարտիաները: Արդյունքում, մերոնք զիջեցին 1,5:2,5 հաշվով եւ առաջին պարտությունը կրեցին Օլիմպիադայում: Այսօր նախատեսված 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Իրանի թիմի հետ, որը թիմային 5 միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի եւ Հնդկաստանի «կանաչ» հավաքականները, որոնք հաղթել են բոլոր հանդիպումներում եւ վաստակել 6-ական միավոր: Այսօր դրանք իրար հետ են հանդիպելու:     Նշենք, որ Օլիմպիադային մասնակցում է 30 հավաքական: Յուրաքանչյուր հավաքական  բաղկացած է 4 հիմնական խաղացողից եւ մեկ պահեստային մասնակցից, ընդ ուրում նրանցից մեկը աղջիկ է, որը պետք է մասնակցի նվազագույնը երեք հանդիպման: Հայաստանի հավաքականը Հնդկաստան է մեկնել հետեւյալ կազմով՝ Արամ Հակոբյան, Շանթ Սարգսյան, Դավիթ Միրզոյան, Մամիկոն Ղարիբյան եւ Աննա Սարգսյան: Թիմի մարզիչն է օլիմպիական կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: