ՀՀ իշխանությունները պետք է ճկունություն ցուցաբերեն. Վազգեն Մանուկյան

Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ  իր տեսակետն է հայտնել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

 -Պարոն Մանուկյան, ս. թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի ու Եվրոպական միության միջևստորագրվեց երկար սպասված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ իրողությանը:

-Շատ կարևոր է, որ մենք, լինելով ԵԱՏՄ անդամ, դարձանք նաև Եվրամիության ասոցացված անդամ: Դա ոչ միայն մեզ, այլև ընդհանրապես աշխարհին մի նոր ճանապարհ է ցույց տալիս, և ես կարծում եմ, որ եթե, օրինակ, Ուկրաինան ժամանակին գնար այս ճանապարհով (մի երկիր, որի տնտեսությունը էապես կախված էր Ռուսաստանից, բայց որն ուզում էր մոդեռնիզացնել իր տնտեսությունը, եվրոպական արժեքներ ներմուծելով՝ բարեփոխումներ մտցնել իր երկրում), ապա հիմա և´ Ղրիմը իրենը կլիներ, և´ պատերազմ չէր լինի Լուգանսկում ու Դոնեցկում, և´ երկիրն այսպիսի խառնաշփոթ վիճակում չէր հայտնվի: Միաժամանակ ուզում եմ նշել, որ սա պատմական նշանակություն ունի Հայաստանի համար, որովհետև հազարամյակների ընթացքում մեզ մոտ միշտ եղել է «կա´մ, կա´մ». կա´մ Պարսկաստան, կա´մ Բյուզանդիա, կա´մ Ռուսաստան, կա´մ Թուրքիա, կա´մ սա, կա´մ նա, և մենք միշտ տուժել ենք դրանից: Առաջին անգամ մենք այդ բանաձևը դարձրեցինք «և´, և´»:

-Ի՞նչ հնարավորություններ է տալիս այդ նոր բանաձևը Հայաստանին:

-Առաջին՝ ուժեղացնում է մեր անկախությունը, որովհետև ցանկացած միության մեջ մտնելով՝ բնական ձևով որոշակիորեն սահմանափակում ես քո ինքնուրույնությունը, փոխարենը  ստանալում ես որոշակի առավելություններ: Այս պարագայում, համագործակցելով երկու միության հետ, ինքնուրույնության տեսանկյունից անհամեմատ ավելի շահեկան դիրքում ես, քանի որ մանևրելու հնարավորություններ ունես: Այնպես որ սա քաղաքական տեսանկյունից մեծ նշանակություն ունի: Բացի այդ, նոր համաձայնագիրը նաև հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնել պետական, մասնավոր կառույցների գործունեությունը, բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունն ու ազատությունները մեր երկրում: Ինչ վերաբերում է տնտեսական կողմին, որոշ քաղաքական ու տնտեսական բացասական կանխատեսումներին, ապա չի կարող պատահել,  որ որևէ համաձայնագիր  միայն օգուտներ բերի: Որոշ դեպքերում լավ կլինի, որոշ դեպքերում՝ ոչ այնքան, և մեծ ճկունություն ու խելք է պահանջվում, որպեսզի այդ երկու հնարավորությունից էլ կարողանաս օպտիմալ ձևով օգտվել: Ու հիմա նշել մեկի առավելությունը կամ մյուսի թերությունը խելոք մարդու խոսակցություն չէ: Խելոք մարդը նա է, ով կարողանում է այդ երկու մեծ հնարավորությունից էլ օգուտ քաղել: Դա արդեն Հայաստանի իշխանությունների և հասարակության անելիքն է, որոնք պետք է մեծ ջանքեր, ճկունություն դրսևորեն, որպեսզի կարողանան այդ երկուսից էլ օգտվել: Ես շատ լավատես եմ և կարծում եմ, որ սա մի նոր ճանապարհ է, որը մեծ առավելություններ կտա մեզ:

-Այս քայլով Հայաստանը միջազգային սպարեզում որակական ի՞նչ առաջընթաց կատարեց:

-Իհարկե, մեծ առաջընթաց կատարվեց. այս երկու միությունների հետ փոխհարաբերությունները Հայաստանի համար ստեղծում են նոր հնարավորություններ նաև այլ երկրների հետ համագործակցելու տեսանկյունից: Ունենալով այս երկու խարիսխը՝ դու կարողանում ես շատ երկրների համար դառնալ շատ ավելի կարևոր: Ընդհանրապես ես կարծում եմ, որ Հայաստանի դերը աշխարհում բավականին մեծ է՝ իր փոքր բնակչության ու փոքր տարածքի հետ համեմատ, և դա պայմանավորված է համաշխարհային հայությամբ, մեր երկրի աշխարհագրական դիրքով, Ղարաբաղյան հարցով, նաև այն հանգամանքով, որ մենք դեռ 80-ականներից սկսած՝ առաջամարտիկ ենք եղել շատ հարցերում, հատկապես՝ նոր արժեքների, նոր գաղափարների ներմուծման առումով: Հիմա Եվրամիության հետ կնքած այս համաձայնագրով մեր ազդեցությունն ու դերը աշխարհում ավելի է մեծանում:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի բաժին