Թբիլիսին ու Երևանը բաժանել չեմ կարող. Էդուարդ Եդիկիսելովի պարզ սովորույթները (տեսանյութ)

Գենետիկա, սիրած աշխատանք և ամեն առավոտ քսան գրամ մաքուր սպիրտ, որը սովորույթ մնաց Հյուսիսային բևեռում նկարահանումներից: Ահա և ողջ գաղտնիքը, թե ինչպես 85-ը կարող է ընդամենը թիվ լինել, որ փաստում է Էդուարդ Եդիկիսելովի անձնագիրը:

Շնորհավորական հեռագրեր՝ աշխարհի տարբեր քաղաքներում ապրող գործընկերներից, նվերներ ու ջերմ խոսքեր՝ Երևանում Մոսկվայի տան դահլիճում նրա հոբելյանական երեկոյին ներկա հարազատներից ու ընկերներից:

Ծնվել է Թբիլիսիում, ավարտել Մոսկվայի  Ֆինանսների ինստիտուտի հաշվիչ մեքենաների բաժինը, նաև՝ Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստիտուտը:

Գործուղվել է Նորիլսկի լեռնամետալուրգիական կոմբինատ՝ որպես տնօրենի տեղակալ և հենց կոմբինատին կից հիմնադրել սիրողական հեռուստակենտրոն, կապել ճակատագիրը հեռուստատեսության հետ: Հետո տեղափոխվել է Վոլգոգրադ, Խարկով, ապա՝ Երևան: 

Ավելի քան երկու տասնյակ երաժշտական, վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է, հեռուստատեսային հաղորդումների սցենարիստ և ռեժիսոր: «Թբիլիսեցիներ» միջազգային ակումբի և «Հայաստան-Վրաստան» մշակութային կապերի միության հիմնադիր նախագահ:

«Ես հետաքրքիր կյանք եմ ապրել,- ասում է Էդուարդ Եդիկիսելովը,- և շնորհակալ եմ ճակատագրին, որ պարգևել է նման ծնողներ, ընտանիք ու ընկերներ, սիրելի աշխատանք ու հետաքրքիր, անմոռանալի հանդիպումներ: Շնորհակալ եմ, որ ունեմ երկու սիրելի ու հարազատ քաղաք՝ Թբիլիսին ու Երևանը, որոնց բաժանել չեմ կարող»: