Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբ գա եվրոպարտատոմսերի վճարման ժամանակը, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու» (տեսանյութ)

Քաղաքականություն
7xgrtl0PKx4

Տարեկան կտրվածքով մենք ավելի շատ պարտք ենք վերցնում, ավելի քիչ աճ ենք ապահովում և վերջնական արդյունքում խոսում այն մասին, որ ունեինք տնտեսական աճ. «Հայելի» ակումբում այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: «2017թ.-ը պետական պարտքի առումով 6 մլրդ 813 մլն ԱՄՆ դոլար է: Սա ներառում է արտաքին և ներքին պարտքերը միասին: 2018թ. նախատեսվում է 7 մլրդ 209 մլն ԱՄՆ դոլարի հասնող պետական պարտք: Մենք երբեք այսքան ներքին պարտք չենք ունեցել»,-նշեց նա: Դեֆիցիտի և ներքին պարտքի ավելացման գործում, ըստ բանախոսի, իրենց աջակցությունն են ցուցաբերում բանկերը, այսինքն՝ բանկերը սկսում են բյուջեի հաշվին տոկոսներ ստանալ: Բայց բանկերի ֆունկցիան ոչ թե պետության ֆինանսավորումն է, այլ՝ տնտեսության: «Ա1+»-ի հարցին՝ ահագնացող արտագաղթի պայմաններում տարեցտարի ավելացող արտաքին պարտքը ինչի՞ է հանգեցնելու, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր բնակիչ, ով մնում է Հայաստանում, նրա վրա աճող պարտքը ավելի մեծ տեսակարար կշիռ է ունենում: Յուրաքանչյուր արտագաղթողի պարտքի բեռը, որ մնում է մնացողների հաշվին, առաջացնում է լուրջ տնտեսական խնդիր հետագայում աճ ունենալու համար: Այսինքն՝ պլանավորել աճ ավելի քիչ բնակչությամբ, բավականին բարդ պրոցես է: Միլիոնից քիչ զբաղված ունենք մենք հիմա: Հարց է առաջանում. ինչպե՞ս են դրանք ապահովում տնտեսական աճ: Այսինքն՝ քիչ զբաղվածը, արտագաղթածը նշանակում է, որ տնտեսությունը պետք է թուլացնի, հետևաբար այդ աճի մեծ մասը հիմնված է պարտքի վրա: Մենք պարտք ենք վերցնում, դառնում է, որ ա՞ճ ենք ապահովել: Մենք վերցնում ենք մեծ քանակությամբ պարտք, քան արել ենք ներդրում: Զուտ տնտեսական արդյունքը բացասական է: Ներքին և արտաքին պարտքերի հարաբերակցության տեսանկյունից՝ ներքինը սկսել են ավելի մեծ թափով վերցնել: Սա խոսում է այն մասին, որ արտաքին ռեսուրսներից պարտքեր ստանալու հետ կապված խնդիր ունենք: Եթե այդպես չէ, ինչո՞ւ են շեշտը դնում ներքինի վրա, եթե ներքինի տոկոսադրույքներն ավելի թանկ են: Սրանով կամ բանկերին են աջակցություն ցուցաբերում, կամ խնդիրները լուծելու ավելի հեշտ մեխանիզմներ են գտել»: Ըստ տնտեսագետի՝ երբ գա եվրոպարտատոմսերի վճարման ժամանակահատվածը, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու. տվյալ ժամանակահատվածի համար տարեկան պետք է վճարենք մոտ 1 մլրդ դոլար, որի հնարավորությունը չունենք: Ստիպած ենք լինելու վերաձևակերպել այդ պարտքերը, հետաձգել ժամանակահատվածը, տոկոսադրույքներ բարձրացնել և այլն: Տնտեսական առումով սա որևէ լավ տեղ չի տանում: