Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը չի կատարում իր իսկ որոշումը. ԻԱԿ ղեկավար

Քաղաքականություն
Liana-Doydoyan

Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքն ապահովում է տեղեկատվության ստացման նվազագույն պահանջները։ Տեղեկատվության համաշխարհային օրվան ընդառաջ այս և ոլորտում առկա այլ խնդիրների մասին է հայտնում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Լիանա Դոյդոյանը։ Նա նշում է, որ առաջնային խնդիրը պաշտոնական տեղեկատվության մատչելիության հարցն է։ «Վերջերս մենք մոնիթորինգ անցկացրինք՝ պարզելու, թե արդյոք պաշտոնական կայքերն ապահովո՞ւմ են մեր օրենքի պահանջները և որքանով են կատարում հենց օրենքի և Կառավարության որոշման պահանջները, որով նշվում է այն տեղեկությունների խումբը, որը պարտադիր հրապարակման է ենթակա և նաև պետք է հրապարակվի պաշտոնական կայքերում։ Ցավոք, վերջին մեկ տարում տենդենցը բացասական է և հետընթաց է գրանցվում կայքերում տեղեկատվության անմիջապես և պարբերաբար թարմացումների առումով»,- ասաց Լիանա Դոյդոյանը։ Նրա կարծիքով՝ օրենքն ուներ փոփոխությունների կարիք, քանի որ ընդունվել էր վաղուց և չէր ապահովում, օրինակ, էլեկտրոնային և համացանցային տեղեկատվական դաշտը։ «Մեր նախաձեռնությամբ Արդարադատության նախարարության հետ որոշում ընդունեցինք։ ԵԱՀԿ-ի աջակցությամբ Արդարադատության նախարարությունը հայեցակարգ մշակեց։ Այն բավականին առաջադեմ էր և լուրջ առաջընթաց էր արձանագրելու ոլորտում։ Հայեցակարգը ուղարկվեց Կառվարություն և այդպես էլ մնաց Կառավարությունում։ Մինչև հիմա Արդարադատության նախարարությունը չի պատասխանում, թե ինչ ճակատագիր ստացավ հայեցակարգը։ Արդարադատության նախարարությունում խումբ չի ձևավորվել օրենքի նախագիծը մշակելու համար»,- նշեց կենտրոնի ղեկավարը։  2015 թվականի Կառավարության որոշման մեջ նշվում էր, որ կայքերը պետք է հնարավորություն տան իրենց միջոցով առցանց հարցումներ ուղարկել և նաև հարցումը կցելու հնարավորություն պետք է լինի։ «Բոլոր նախարարությունները, Կառավարությանն առընթեր մարմիններն ու մարզպետարաններն այս հնարավորությունը չեն տալիս։ Եվ Կառավարությունը, և մյուս մարմինները իրենց իսկ որոշումը չեն կատարում։ Մյուս կարևոր խնդիրն այն է, որ էլեկտրոնային հարցումները չեն դիտարկվում որպես պաշտոնական հարցում։ Շատ դեպքերում մերժում են էլեկտրոնային հարցումը և պահանջում են, որ գրավոր կերպով ծրարով տրամադրեն հարցումը։ Սա հակասում է արդեն Կառավարության որոշմանը, քանի որ էլեկտրոնային հարցումները բարեփոխման միջոցով հավասարեցվել էին գրավոր հարցումներին»,- ասաց Լիանա Դոյդոյանը։ Նա գտնում է, որ լրագրողները սրա մասին հաճախ պետք է հիշեցնեն պաշտոնյաներին, պաշտոնյաների նման պահվածքը չիմացության արդյունք է հաճախ։ Լիանա Դոյդոյանը փաստում է, որ հաճախ պատասխանելու դեպքում այն լինում է թերի կամ իր բովանդակությամբ չի համապատասխանում հարցին։ «Առաջ եթե ընդհանրապես չէին պատասխանում հարցումներին, հիմա լղոզված պատասխաններ են գալիս կամ, օգտագործելով օրենքում նշված 30-օրյա ժամկետը, անընդհատ պատճառաբանում են, որ իրենց լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ հայցվող տեղեկությունը տրամադրելու համար, այն ինչ հաճախ  այդ տեղեկատվություններն արդեն իսկ պետք է հրապարակված լինեին։ Լրագրողները պետք է ավելի հետևողական լինեն, առաջին հերթին ծանոթանան իրավական ակտերի պահանջներին, և նույնիսկ հարցման մեջ հղում անեն իրավական ակտերին։ Պաշտոնյաներին պարբերաբար ուսուցումները չէին խանգարի։ Լիանա Դոյդոյանը վերջում հավելեց, որ հնարավոր է բողոքարկել ստացված պատասխանը։ Օրենքը տալիս է վերադասության կարգով բողոքարկելու հնարավորություն, իսկ ինֆորմացիայի ազատության կենտրոնը պարբերաբար կանխարգելիչ «սև ցուցակների» հրապարակումներ է կատարում։