Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղալիքներում առկա ֆտալատն ազդում է գլխուղեղի վրա, առաջացնում է քաղցկեղ (տեսանյութ)

Հասարակություն
ftalat

Հայաստանյան խանութներում վաճառվող որոշ խաղալիքներում հայտնաբերվել են ֆտալատներ։ Այն կարող է ընհուպ մինչև անդառնալի հետևանքներ ունենալ մարդու առողջության վրա։ Այս մասին ահազանգում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը։ Հայաստանում անցկացվել է հետազոտություն 5 երկրների 16 տեսակ խաղալիքների շրջանում, որից 9-ը չինական արտադրության են եղել, 3-ը՝ ռուսական արտադրության, 1-ը՝ վիետնամական, 2-ը՝ անհայտ ծագման երկրի։ Հետազոտված բոլոր խաղալիքների մեջ հայտնաբերվել են ֆտալատներ։ «Ֆտալատներն ունեն վնասակար ազդեցություններ օրգան-համակարգերի վրա։ Կարող են ախտահարել լյարդը, ենթաստամոքսային գեղձը, ազդել գլխուղեղի վրա։ Ֆորմուլայով շատ նման են կանացի հորմոններին, այսինքն՝ կարող են ազդել սեռական զարգացման վրա։ Կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ, արգանդի, ձվարանների քաղցկեղ։ Տղամարդկանց մոտ ճնշում է սպերմատոզոիդների աճը, բերում է անպտղության։ Առաջացնում է շաքարային դիաբետ ՝ ազդելով ենթաստամոքսային գեղձի վրա»,-ասաց  գիտաշխատող Քնարիկ Գրիգորյանը։ Նույն տեսակետն էր հայտնում նաև ԳԱԱ դեղագործական և օրգանական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի առաջատար գիտաշխատող Ստեփան Գրիգորյանը. «Խաղալիքը գնելիս պետք է ուշադրություն դարձնել հոտին։ Եթե շատ հոտավետ է, նշանակում է ֆտալատների քանակը շատ է։ Շատ վառ գույնով խաղալիքները ևս վտանգավոր են, դրանք կարող են պարունակել արճիճ, անագ»,- հավելեց Ստեփան Գրիգորյանը։ Ոլորտը վերահսկող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը նշեց, որ շուկան գնալով դառնում է վերահսկելի, և կատարվում են ստուգումներ։ «2017 թվականին 17 տնտեսվարող սուբյեկտների մոտ կատարվել են տեսչական ստուգումներ, 12-ի մոտ հայտնաբերվել են խախտումներ։ Ստուգումների ժամանակ նայում ենք տվյալ խաղալիքները սերտիֆիկատ ունեն, թե ոչ։ Եթե չունեն, ապա տվյալ պահին տալիս ենք կարգադրագիր, տնտեսվարող սուբյեկտների հետ համաձայնեցնելով ժամանակը՝ տվյալ խախտումը վերացնելու համար։ Սերտիֆիկացման տրամադրման դեպքում խաղալիքն անցնում է լաբորատոր փորձաքննություն։ Եթե չի անցնում, ապա արգելվում է և շրջանառությունից հանվում է»,- ասաց Արթուր Մկրտչյանը։ Արթուր Մկրտչյանի խոսքով՝ 2017 թվականի 10 ամիսների ընթացքում սերտիֆիկացումների քանակն աճել է 24 տոկոսով։ Դաշտը գնալով կարգավորվում է։ Սերտիֆիկատը հիմք է անվտանգ լինելու։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ Աշխատանքի, հիգիենայի, ճառագայթային և քիմիական անվտանգության բաժնի պետ Հովսեփ Հովհաննիսյանը նշեց, որ շուտով խնդիրը կստանա իր լուծումը. «Այսօր վերջին է մոտենում ֆտալատների արգելման որոշումը, որը կմտնի ԵԱՏՄ կանոնակարգի մեջ։ ԵԱՏՄ երկրներում ֆտալատն արգելվում է»,- նշեց Հովսեփ Հովհաննիսյանը։ 2013 թվականին դեռ 19 երկրից 100 գիտնականներ ստորագրել են համաձայնագիր ֆտալատների վտանագավորության մասին։ Արդեն 5 երկիր հրաժարվել է ֆտալատի կիրառումից կենցաղում։