Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պիտանելիությունից դուրս եկած ռազմատեխնիկան կոչնչացվի, ջարդոնը կվաճառվի (տեսանյութ)

Քաղաքականություն
aj-2

1,3 մլն եվրոյով ՆԱՏՕ-ն ՀՀ-ում կիրականացնի պիտանելիությունից դուրս եկած ՊՆ սպառազինության, ռազմական տեխնիկայի ապառազմականացման, ապամոնտաժման, ականների վերաբերյալ իրազեկման եւ կրթական ծրագիր: «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ոչնչացնել պիտանելիությունից դուրս եկած որոշակի միավոր զինված ուժերի տեխնիկա, ինչպես նաեւ՝ եւս 21 միավոր զրահապատ մարտական մեքենաներ: Նշված գործընթացի արդյունքում առաջացած մետաղի ջարդոնը վաճառվելու է ու դրա արդյունքում առաջացած ֆինանսական միջոցները՝ մոտ 100 հազար եվրո, ուղղվելու են ՀՀ-ում ականավոր վտանգների իրազեկման ծրագրի իրականացմանը»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «ՀՀ եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին այս նախագծի քննարկմանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:  Նա նաեւ նշեց, որ այս նախագիծը վաղուց կար, սակայն չէր իրականացվում, քանի որ ՆԱՏՕ անդամ որեւէ երկիր չէր ստանձնում այն ֆինանսավորելու պատրաստակամությունը: 3 տարի տեւած բանակցություններից հետո Գերմանիան համաձայնվել է: Ծրագիրը կիրականացվի ՀՀ 4 մարզում: «Համաձայնագիրը կնքվում է այն ըմբռնումով, որ ՀՀ-ն դրանով չի ձգտում Հյուսիս Ատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամակցությանը, եւ որ այդպիսի համաձայնագրի կնքումը ՀՀ համար իրավական հիմք չէ հավակնելու նման կարգավիճակի: Սա ի՞նչ է նշանակում»,- հետաքրքրվեց Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: «Սա չի նշանակում, որ հետագա համագործակցությունը կարող է վերածվել ՀՀ կողմից իրականացվող ռազմաքաղաքական ուղենիշների փոփոխության»,- ի պատասխան ասաց Արտակ Զաքարյանը:   ՆԱՏՕ-ի հետ այս համաձայնագրի որոշ կետեր հարցեր էին առաջացրել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի մոտ. «Համաձայնագրի 3.1 կետը նախատեսում է, որ պետք է նոր կնքվի սա, դեռ չկա: Հիմա ինձ համար հասկանալի չէ՝ ի՞նչ է նախատեսում, էդ ինչ բան է կամ ո՞վ պետք է անի դա՝ Պաշտպանության նախարարությո՞ւնը» : «Իրականացնող ՀՀ-ն է՝ ի դեմս իր դիվանագիտական առաքելության: Սա մենք խոսում ենք քաղաքական համաձայնության մասին, իրականացման հատվածը լինելու է այլ փաստաթղթի տեսքով եւ վերաբերելու է մեխանիզմներին, թե կոնկրետ ինչպես են իրականացնելու կողմերը եւ ինչ ժամանակացույցով»,- ասաց Արտակ Զաքարյանը:       «ՀՀ եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին այս նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: Հանձնաժողովի ներկա 5 անդամներն էլ կողմ էին: