Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սամվել Բաբայանին ենթադրությունների հիման վրա է մեղադրանք առաջադրվել». պաշտպան (տեսանյութ)

Քաղաքականություն
samvel-babayan

«Արցախի հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ենթադրությունների հիման վրա է մեղադրանք առաջադրվել»,- այսօր դատարանում մոտ 2 ժամ տեւած ճառում նշեց պաշտպան Ավետիս Քալաշյանը:  Սամվել Բաբայանը մեղադրվում է  «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր, ինչպես նաեւ  փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված  գույք ձեռք բերելու  հոդվածներով: «Սամվել Բաբայանը որեւիցե կապ չունի այդ զենքի մասերը ձեռք բերելու հետ, դրա նախաձեռնությունը պատկանել է Սանասար Գաբրիելյանին: Այն ձեռք բերելու ոչ մի պատվեր չի տվել, դրա դիմաց էլ գումար վճարելու խոստում չի տվել»,- ասաց Ավետիս Քալաշյանը: Մեղադրանքում նշվել է, որ Սամվել Բաբայանը Սանասար Գաբրիելյանին դրդել է համապատասխան կապեր ունեցող անձանց ներգրավելու միջոցով  ապօրինի կերպով ձեռք բերել «Իգլա», ինչպես նաեւ նյութապես շահագրգռել է:  «Նշված հանգամանքը հաստատված համարելու համար նախաքննության մարմինը պետք է պարզեր եւ հիմնավորեր, թե կոնկրետ ինչով է արտահայտվել նյութապես շահագրգռելը: Այսինքն՝ նյութական ի՞նչ օգուտ է խոստացել Սամվել Բաբայանը Սանասար Գաբրիելյանին: Բայց խոստում տալու մասին որեւէ տվյալ առկա չէ»,- ավելացրեց փաստաբանը: Սամվել Բաբայանը, ըստ մեղադրանքի,  «Իգլայի» համար  պետք է վճարեր 50.000 ԱՄՆ դոլար: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտպանը միաժամանակ  անհիմն որակեց Սանասար Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքը.  «Նրա փաստացի կատարած գործողություններում առկա չէ ավարտված հանցակազմ, այլ տվյալ հանցակազմի փորձ: Այդ զենքի մասերը Սանասար Գաբրիելյանի մոտ չեն եղել»:   Փաստաբանը դատարանում բացատրեց, որ հանցակազմն ավարտվում է այն ժամանակ , երբ անձը փաստացի ձեռք է բերում զենք կամ ռազմամթերք  եւ  փաստացի գտնվում է  նրա տիրապետության տակ. «Գործով ապացուցված է, որ զենքի մասերը նա տեսել է ընդամենը լուսանկարով, իսկ դրանից հետո հրաժարվել է այդ զենքի մասերը ձեռք բերելուց»,- ավելացրեց փաստաբանը :    Պաշտպան Ավետիս Քալաշյանը  այսօր հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ միջնորդեց Սամվել Բաբայանին առաջադրված երկու մեղադրանքներում արդարացնել: Հիշեցնենք մեղադրողը միջնորդել է նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման: Իսկ Սանասար Գաբրիելյանը  միջնորդեց գործում ներգրավել նոր պաշտպան: Նա իր նախկին պաշտպաններից հրաժարվել է: Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 27-ին: