Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաներն ընդդեմ բռնության. «Բռնություն կա թե ընտանիքում, թե դպրոցում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
child

«Մեծերն ընտանիքում սիրում են բռնությունը դաստիարակություն անվանել, և ասել, որ դա անում են, որ լավ մարդ դառնա»,- երեխաներին բռնությունից պաշտպանելու օրվանն ընդառաջ այսօր ասուլիսում նշեց Միքայել Միքայելյանը։ Միքայելը և «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մյուս անդամները դպրոցահասակ երեխաներ են։ Նրանք նկատում են՝  բռնություն հաճախ կիրառվում է նաև դպրոցներում։ «Ընտանիքում սիրո պակասից է առաջանում բռնություն։ Երբ երեխան փողոցում մուրացկանություն է անում, դա բռնություն է։ Բռնություն է նաև այն, երբ մեծահասակն է որոշում երեխայի մասնագիտությունը»,- ասաց Միքայելը։ Նախաձեռնության անդամներից Միլենա Մուսայելյանը նույնպես գտնում է, որ դպրոցներում կան բռնության դեպքեր։ «Երբ 2 աշակերտ դասը սովորում են և պատասխանում են նույն կերպ, բայց ստանում են տարբեր գնահատականներ, կարծում եմ, որ սա հոգեբանական բռնություն է երեխայի նկատմամբ։ Բռնություն է նաև, երբ ուսուցիչը ստիպում է երեխային մասնակցել դասարանական միջոցառումներին, երբ երեխան չի ուզում»,- նշեց Միլենան։ Նախաձեռնության անդամները կարծում են՝ երեխաների վերաբերյալ որոշումներ կայացնելիս պաշտոնյաները  պետք է գոնե երեխաների կարծիքը հաշվի առնեն։ Պետք է հարցնել, թե երեխաներն ինչ են մտածում այդ որոշումների մասին։ Արտյոմ Ղազարյանը, որը նույնպես նախաձեռնության անդամ է, կարծում է, որ բռնությունների դեպքերը հնարավոր է նվազեցնել. «Երեխաները, որ վաղ հասակում տեսել են բռնություն, հակված են բռնություն կիրառելու։ Եվ եթե ծնողները բռնություն չկիրառեն երեխաների նկատմամբ, դա կարող է նվազեցնել բռնությունը, քանի որ շատ են լինում դեպքերը, երբ հենց հասակակիցներն են բռնություն կիրառում։ Այդ երևույթից խուսափելու համար պետք է այնպես անել, որ ընտանիքներում բռնությունը նվազի»։ Մեր հարցին՝ արդյո՞ք դպրոցներում հոգեբանների աշխատանքը օգնում է թե ոչ, Արտյոմ Ղազարյանը նշեց՝ կան դպրոցներ, որտեղ իրականում չկան հոգեբաններ։ Իսկ որտեղ չկան հոգեբաններ, պետք է ստուգայցեր իրականացվեն։ Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս նոյեմբերի 19-ը նշվում է որպես երեխաներին բռնություններից պաշտպանելու օր։