Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր նախագծով արտաբյուջետային միջոցները կտնօրինի ՊԵԿ-ը (տեսանյութ)

Քաղաքականություն
HySlcHoBuiQ

ԱԺ-ում այսօր քննարկվում է «Հարկային» «Մաքսային» ծառայությունների մասին օրենքներում փոփոխությունների մասին նախագիծը, որը վերաբերում է արտաբյուջետային ֆոնդերի կառավարմանը: Այն խորհրդարանում ներկայացնում է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Հարակից զեկուցողն է ՀՀԿ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Հենց նրան էր ուղղված «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցը. «Ես զարմանում եմ, որ դուք կողմ եք արտաբյուջետային ֆոնդի գոյությանը, թեեւ միշտ դեմ եք եղել: Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս է այն ձեւավորվում, ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսում է լինում: Ասում եք՝ լավություն եք անում, կառավարության պահուստային ֆոնդ եք ուղարկում: Ես կողմ չեմ դրան: Ի՞նչ է տալիս օրինագիծը մեզ»:  Ի պատասխան Խոսրով Հարությունյանը նշեց, որ խոսքը գնում է ոչ թե ֆոնդ ունենալուն, այլ թե եղածն ինչպես օգտագործել՝ նպատակային ու արդյունավետ: Վարդան Բոստանջյանը մտահոգություն ունի. «Ես կասկածում եմ, որ ավելի արդյունավետ կօգտագործվեն: Նախաձեռնություն հանդես բերեք, որ այդ ֆոնդը հանենք, դուրս շպրտենք»:  Խոսրով Հարությունյանը նկատեց. «Ժամանակին դուք եք համահեղինակ եղել այն օրինագծին, որտեղ նախատես են արտաբյուջետային ֆոնդեր, պարոն Բոստանջյան»:  Մյուս հարցը Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանինն էր. «Ես այստեղ շահերի բախման խնդիր եմ տեսնում. եթե գումարները մնում են, ապա այդ գումարները օգտագործելի՞ են հաջորդ տարիների համար»: «Այդ գումարը մնում է ՊԵԿ-ում: Այս նախագծով հնարավորություն ենք տալիս, որ ՊԵԿ-ը դրանք տնօրինի: Իմ մտավախությունը արտաբյուջետային ֆոնդերի հետ կապված եղել է այն, որ դրանք հնարավորություն չեն տալիս բյուջետային ռեսուրսները արդյունավետ վերահսկեն: Այդ առումով բացասական է արտաբյուջետային ֆոնդը»,- արձագանքեց Խոսրով Հարությունյանը: