Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Նալբանդյանի խոսքը՝ բանակցություններից հետո (տեսանյութ)

Քաղաքականություն
agn-brazil

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի հետ բանակցությունների արդյունքներով Բարև Ձեզ, ուրախ եմ ողջունել Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյեսին Երևանում: Հատկանշական է, որ Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարի այս այցելությունը տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանական տարում, և իհարկե այն լավ առիթ է միջպետական հարաբերությունների քառորդդարյա պատմությունը գնահատելու և երկկողմ համագործակցության առավել խորացմանը միտված ծրագրերը քննարկելու ու պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Այսօր նախատեսված է պարոն Նունյեսի հանդիպումը ՀՀ Նախագահի հետ: Սա նախարար Նունյեսի առաջին այցն է Հայաստան, ով մեր երկրի լավ բարեկամն է, նա եղել է Հայաստանի հետ Սենատում բարեկամության խմբի նախագահը և Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողը։ Մեր հանդիպումից առաջ պարոն Նունյեսը առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այսօր կայացած հանդիպման ընթացքում իմ գործընկերոջ հետ մենք կարևորեցինք հաստատված արդյունավետ երկկողմ քաղաքական երկխոսությանը, ընդգծեցինք իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը բարենպաստ և առավել ամուր հիմք կստեղծի երկկողմ կապերի խորացման համար: Այսօր մենք ևս մեկ փաստաթուղթ ստորագրեցինք՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև առևտրային և ներդրումային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Մեր երկրների միջև առկա է մինչ օրս ստորագրված տասը փաստաթուղթ, որոնցից յոթը ստորագրվել են վերջին երկու տարվա ընթացքում։ Մենք համակարծիք ենք, որ բարձրաստիճան փոխայցելությունները մեծապես նպաստում են երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը: Պարոն Նունյեսի հետ քննարկեցինք 2016թ. օգոստոսին Նախագահ Սարգսյանի՝ Բրազիլիա կատարած այցի, նախագահ Տիմերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Անդրադարձանք հայ-բրազիլական օրակարգի հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակացինք միջազգային ատյաններում փոխգործակցության առավել սերտացման շուրջ: Հանգամանալից քննարկում ունեցանք առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մշակութային և հումանիտար բնագավառներում կապերի ամրապնդման վերաբերյալ: Գոհունակությամբ արձանագրեցինք, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել միջխորհրդարանական ձևաչափով, երկուստեք կարևորեցինք ապակենտրոնացված համագործակցության հետագա ընդլայնումը: Այսօր աշխարհագրական հեռավորությունը հետզհետե կորցնում է խոչընդոտող գործոնի դերը: Այդ առումով, երկու տարի առաջ Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը նոր՝ առավել դյուրին ու լայն հնարավորություններ է բացում երկու երկրների ժողովուրդների միջև փոխայցելությունների աշխուժացման, կապերի ամրապնդման համար: Խոսելով հայ-բրազիլական հարաբերությունների մասին` անպայման պետք է հիշատակել ակտիվ բրազիլահայ համայնքի կարևոր դերակատարությունը մեր բարեկամ երկրների միջև համագործակցության ընդլայնման գործում։ Բրազիլիացի իմ գործընկերոջ հետ անդրադարձանք մի շարք միջազգային և տարածաշրջային հրատապ խնդիրների։ Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը՝ կարևորելով անկողմնակալ և հավասարակշռված դիրքորոշումը հիմնահարցի առնչությամբ և միջնորդ երկրների առաջարկությունների սատարումը: Այժմ խոսքը փոխանցում եմ գործընկերոջս:   Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի տեսանյութը՝ ստորև