Ուսուցչի վատ վերաբերմունքի պատճառով երեխան դպրոց չի հաճախում. ՀՔԱՎ

Վանաձորի 22-րդ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտի մայրը ահազանգել է, որ դասվար Ն. Անտոնյանը պարբերաբար բռնություն է կիրառում աշակերտի նկատմամբ, որի պատճառով երեխան հրաժարվում է դպրոց հաճախելուց: Ծնողի փոխանցմամբ՝ դպրոցի տնօրենությունը մերժում է տրամադրել երեխայի փաստաթղթերը՝ նրան այլ դպրոց տեղափոխելու նպատակով:

Երկրորդ դասարանի աշակերտ Ա. Ծ.-ի մայրը՝ Զ. Ծ.-ը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել այս տարվա հոկտեմբերին և հայտնել, որ 2017 թ. փետրվարին ուսուցչուհի Ն. Անտոնյանը հանձնարարությունը ոչ բավարար կատարելու պատճառով հարվածել է երեխային, որի պատճառով երեխայի ականջի վրա կապտուկներ են առաջացել, և երեխան վախից միզել է: Ծնողի փոխանցմամբ՝ դասվարը երեխային ամբողջ դասարանի առջև խայտառակել և այդ վիճակում է թողել մինչև դասերի ավարտը:

Ահազանգի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Կրթության և գիտության նախարարություն և Վանաձորի թիվ 22 դպրոցի տնօրեն Դ. Մելքոնյանին:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ