Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առաջնայինը ո՞րն է՝ դայակներին հարկե՞լը, թե՞ մայրերին օգնելը» (տեսանյութ)

Քաղաքականություն
dW3hEmGy6jk

ԱԺ-ում այսօր, երբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնում էր «Զբաղվածության մասին» օրենքի փոփոխությունները, Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նրան հարց ուղղելիս նկատեց, որ մշտական հանձնաժողովում հարցի քննարկումը բավականին ուրախ տրամադրությամբ ընթացավ, քանի որ մայրերին ինչ-որ օգնություն պետք է տրամադրվի. «Սակայն պարզվեց հարցը երկակի բնույթ ունի, քանի որ խնդիր է ծագում դայակներին հարկային դաշտ բերելու հետ կապված: Որպեսզի մայրը հիմնավորի, որ իքս գումար վճարում է դայակի ծառայության համար, այդ ծառայությունը պետք է համապատասխան ձեւով ձեւակերպված լինի, սա հասկանալի է: Մեր առաջնային մտահոգությունը ո՞րն է՝ դայակներին հարկե՞լը, թե մայրերին օգնելը: Ես կուզենայի այս՝ ոչ հաճելի երեսին անդրադառնալ, քանի որ հաճելի մասը հանրահայտ է»: Նախարարn ի պատասխան նշեց, որ միայն հաճելի մասն է այստեղ, ոչ հաճելի մաս չկա. «Մենք առաջնային խնդիր չենք դրել հարկային դաշտ բերել, քանի որ նախագիծը քաղաքացուն առաջարկում է կամավոր ընդգրկվել այս ծրագրում»: Հարակից զեկուցող, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր հերթին նշեց, որ դայակի աշխատավարձը որոշողը պետությունը չէ. «Կառավարությունն ասում է՝ եթե դու դայակի հետ պայմանագիր ունես եւ նրան վճարում ես աշխատավարձ, ապա դրա կեսը, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձը, կարող եմ ֆինանսավորել»: ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանը նշեց, որ այսօր իրագործվող ծրագրերի վերաբերյալ լուրջ խնդիր կա հանրային իրազեկման: Իրականում առաջարկվում է հետևյալը. եթե մայրը մինչեւ երեխայի երկու տարին լրանալը ցանկանում է աշխատել և իր երեխային դայակն է խնամում (կարող է լինել տատը, մորաքույրը), ապա պետությունն առաջարկում է ամսական 18.000 դրամի փոխարեն, որ տրվում էր մորը՝ իբրև նպաստ, համաֆինանսավորել դայակի աշխատավարձը, բայց ոչ ավելի քան 55.000 դրամի չափով: Այսինքն, եթե դայակին մայրը վճարում է 100.000 դրամ, ապա պետությունը կտա այդ գումարի 55.000-ը, այսինքն՝ նվազագույն աշխատավարձը: Եթե դայակին վճարվում է նվազագույն աշխատավարձ (55.000 դրամ), ապա պետությունը կհամաֆինանսավորի դրա կեսը՝ 27.500: