Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակ՝ դատարկ տրիբունաների ներքո (տեսանյութ)

Սպորտ
a1hajastan-kipros-1

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակով ավարտեց մրցաշրջան-2017-ը: Այսօր մեր ազգային թիմը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղում հանդիպեց Կիպրոսի ընտրանու հետ եւ հաղթանակ տարավ 3:2 հաշվով: Առաջին խաղակեսն անցավ մեր թիմի առավելությամբ, որի արդյունքն եղավ այն, որ Հայկ Իշխանյանն ու Վարազդատ Հարոյանը երկու գոլ խփեցին եւ շոշափելի առավելություն ապահովեցին ընդմիջում գնալուց առաջ: Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին կիպրոսցիները, եւ արդեն 50-րդ րոպեին նրանք կրճատեցին հաշվի տարբերությունը: Սակայն խաղի 64-րդ րոպեին Հայաստանի հավաքականը 11մ հարվածի իրավունք ստացավ, որը վստահ իրացրեց մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ 3:1: Այս գոլից հետո, մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մի քանի փոխարինումներ կատարեց, որը արդյունք չտվեց: Իսկ ահա հյուրերն սկսեցին էլ ավելի մեծ ուժերով գրոհել՝ փորձելով փրկել հանդիպումը: Սակայն նրանք միայն 89-րդ րոպեին աչքի ընկան, երբ կոպիտ սխալ թույլ տվեց մեր դարպասապահ Արսեն Բեգլարյանը՝ 3:2: Այդպիսով, Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Կիպրոսի ընտրանուն: Սակայն դա գրանցվեց «Հանրապետական» մարզադաշտի դատարկ տրիբունաների ներքո: Չորս օր առաջ մեր թիմը չնայած 4:1 հաշվով հաղթել էր Բելառուսի հավաքականին, սակայն այն խթան չէր հանդիսացել հայ ֆուտբոլասերների համար, որոնք այս անգամ ավելի քիչ տեղեր էին զբաղեցրել տրիբունաներում: Ի՞նչ է դա, բողոքի ակցիա, թե՞ անվստահություն՝ հայկական ֆուտբոլի ապագայի հանդեպ: Իսկ միգուցե սոցիալական խնդի՞ր է: Համենայնդեսպ, զարգացած ֆուտբոլային երկրներում նման մոտեցում ազգային հավաքականի նկատմամբ հնարավոր չէ պատկերացնել: Ավաղ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խաղից հետո ասել է, որ մեր հավաքականը գտնվում է ճիշտ ուղղու վրա: Առանց հանդիսականների՞: