Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայում հայկական խորովածը կաթվածահար էր արել միջմշակութային փառատոնը

Հասարակություն
xorovatc

Գերմանական Լաուներբուրգ-Էլբե քաղաքում տեղի ունեցավ Գերմանիայում ապրող ազգային փոքրամասնությունների միջմշակութային ավանդական փառատոնը: Հույների, ռուսների, ուկրաինացիների, հոլանդացիների, լեհերի, սերբերի, թուրքերի աֆրիկյան մի քանի պետությունները ներկայացնող մասնակիցների կողքին այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցեցին նաև Գերմանիայում ապրող հայերը՝ ցուցադրելով հայկական մշակույթն ու խոհանոցը: Լաուներբուրգ-Էլբեի քաղաքապետ Անդրեաս Թհիեդէի բացման խոսքից անմիջապես հետո առաջինն իր երկիրը ներկայացրեց հայկական տաղավարը: Օտարերկացիների դատին հանձվեց Լաուներբուրգ-Էլբեի բնակչուհի, խոհարար Սոնա Խաչիկյանի ձեռքով պատրաստած ավանդական սպասը, հարիսան, կաղամբով և սմբուկով տոլման: Հյուրերը վայելեցին նաև Աննա Իշխանյանի ձեռքերով պատրաստված ղափաման և հայկական տարազի նախշերով զարդարված տորթը: Հայկական տաղավարում առկա էր անուշաբույր լավաշը, ավանդական գաթան, ավելուկը և հայկական այլ ուտեստներ: Իսկ, ահա, փառատոնի ընթացքում բոլոր հյուրերը հնարավորություն ունեցան վայելել Լաուներբուրգաբնակ Արթուր Մարկոսյանի ձեռքով պատրաստած հայկական, ավանդական խորովածը:  Գերմանական Լեեր քաղաքի կենտրոնական այգում հայկական պուրակ հիմնադրած Թովմասյանների ընտանիքի հայր Ալբերտ Թովմասյանը, ով փառատոնի պատվավոր հյուրն էր, հետաքրքիր մանրամասներ պատմեց այդ միջոցառումից: «Երբ հայտարարվեց, որ մասնակից թիմերը կարող են իրենց ավանդական ուտեստները հյուրասիրել ներկաներին, մենք սկսեցինք պատրաստել հայկական ավանդական խորոված: Խորովածի հոտն արագ տարածվեց, կարճ ժամանակ անց մեր տաղավարի մոտ արդեն հերթեր էին գոյացել: Առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ հայկական խորովածը կաթվածահար էր արել միջմշակութային այդ փառատոնը: xorovatc1 Տեսնելով այդ ամենը՝ միջոցառման կազմակերպիչները խնդրել էին մեզ ժամանակավորապես կանգնեցնել խորովածի պատրաստումը: Պարզվում է՝ մյուս տաղավարներից դժգոհություն էին հայտնել, որ բոլոր հյուրերը կուտակվել են միայն հայկական տաղավարի շուրջ»,- պատմեց Թովմասյանը՝ հավելելով, որ անգամ այդ խնդրանքին ընդառաջ գնալուց հետո, կարճ ժամանակ անց խորովածի հոտը կրկին իրենց տաղավար էր բերել հյուրերին: Թովմասյանը հպարտությամբ նշեց, որ հայկական տաղավարի ներկայացումը իրականացվել էր երեք հայ ընտանիքների կողմից: Նա վստահեցրեց, որ իրենք մտադիր են ամեն տարի մասնակցել և պատվով ներկայացնել Հայաստանը, մեր մշակույթն ու խոհանոցը՝ դառնալով Գերմանիայի և Հայաստանի միջև կապող օղակ: Միջոցառման վերջում հայկական թիմի տարազ հագած փոքրիկները Լաուներբուրգ-Էլբեի քաղաքապետարանին նվիրեցին Սերգեյ Եղիազարյանի ձեռքով պատրաստված ժամացույցը՝ զարդարված քաղաքի լոգոտիպով: xorovatc2 Քաղաքի շախմատի տանը հայկական տաղավարի կողմից ընծայվեց նաև աշխարհահռչակ հայ շախմատիստ Լևոն Արոնյանի ստորագրությամբ շախմատային տախտակ: Այդ անակնալը հնարավոր էր եղավ իրականացնել հայր և որդի Ֆերդինանտ և Արմեն Հակոբյանների աջակցությամբ: Փոքրիկներն այս բոլոր նվերների հետ միասին նվիրեցին նաև հայկական խորհրդանիշ համարվող նուռ, որը հատուկ այդ առիթով բերվել էր Հայաստանից: Հայկական տաղավարը ներկայացնող փոքրիկներից Վալերի Թովմասյանը «Շնորհակալություն, Գերմանիա» բանաստեղծությամբ ավարտեց հայկական տաղավարի ելույթը՝ կարևորելով հայ-գերմանական բարեկամությունը: xorovatc3