Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանակի խնդիրների լուծումը՝ ի հաշիվ գիտության    (տեսանյութ)

Հասարակություն
Rob

Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերացումը կվերականգնի արդարության սկզբունքը ԲՈՒՀ-երում. Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի համոզմունքն է, որն անձամբ կողմ է ՊՆ առաջարկած նախագծին. «Մենք ունենք վիճակ, որ նույն կուրսում 15 հոգի զորակոչվում են բանակ, մի քանի հոգի չեն զորակոչվում, որովհետև ընդունելության քննություններին մեկ կամ կես միավորի տարբերություն կա։ Այդ խնդիրը մենք պետք է կարողանանք կարգավորել»,- ասում է Լևոն Մկրտչյանը։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դեմ են տարկետման իրավունքի վերացմանը։ Դավիթ Պետրոսյանը հիմնավորում է. «Կրթական համակարգում արդարություն հաստատելու համար պետք է կրթական համակարգում խնդիրներ լուծել։ Ոչ թե պաշտպանական ոլորտի նախաձեռնությամբ հանել մի ամբողջ օրենք և կարծել, թե դրանով կհաստատվի արդարություն»։ Ըստ շրջանառության մեջ դրված նախագծի՝ Բակալավրիատն ավարտելուց հետո պարտադիր զինվորական ծառայության ենթակա են արական սեռի բոլոր ուսանողները։ Նրանք կրթությունը մագիստրատուրայում շարունակելու հնարավորությունը կպահպանեն, և կարող են 3 տարով պայմանագիր կնքել ՊՆ-ի հետ՝ բանակում ծառայության անցնելով որպես սպա։ Օրինագծին ընդդիմացող ուսանողները պնդում են՝ այսպիսով ոտնահարվում է շարունակական կրթության սկզբունքը։ Նախարար Լևոն Մկրտչյանը համաձայն չէ. «Կրթության իրավունքը երբեք չի ոտնահարվում, այն երկրները, որոնք այս ճանապարհով գնացել են, այդ երկրներն այսօր բարձրագույն արդյունք են ցույց տալիս կրթական բնագավառներում, օրինակ Իսրայելը»։ Իսրայելի հետ համեմատությունը, ուսանողների կարծիքով, տեղին չէ։ Այդ երկիրը Գիտության զարգացման համար տարեկան ներդրում է  ՀՆԱ-ի 4.1%-ը, մինչդեռ Հայաստանում գիտության ֆինասավորման շեմը հասնում է 1.8%-ի։  Դավիթ Պետրոսյանն ասում է. «Իսրայելի հետ համեմատվելիս պետք է համեմատել նաև օրենքի գերակայությունը, ժողովրդի վստահությունը ոչ միայն իշխանության, այլև մեկը մյուսի նկատմամբ։ Իսրայելում 1 միլիոն բնակչին բաժին է հասնում 8500 գիտնական, Հայաստանում ընդհանուր գիտնականների թիվը 5000 է, որից 1/3-ը՝ 65 տարեկան և բարձր»։ Օրինագծի հեղինակների պնդմամբ՝ տարկետման իրավունքի վերացմամբ հարված կհասցնեն կրթական համակարգում կոռուպցիային։ Նախարարի խոսքով՝ բակալավրիատից հետո կրթական մյուս աստիճաններով բարձրանալը ուսանողներից որոշներն օգտագործում են բանակից խուսափելու նպատակով. «Շատ քիչ տոկոսն է, որ մնում է գիտության մեջ ձեր ասած երիտասարդներից, որոնք այսպես շատ շատ ուզում են անպայման գնալ մագիստրատուրա, հետո ասպիրանտուրա, հետո՝ հանկարծակի գնում են և մասնավոր բիզնեսով են զբաղվում, բայց գիտական ասիճանը դրած։ Բանակից խուսափելը դառնում է հիմնական մոտիվացիան»։ Ուսանողները հակադարձում են՝ բանակից ազատվելու միտք ունեցողները կոռոպցիան գործի կդնեն ու ծառայությունից կխուսափեն արդեն ո՛չ բարձրագույն կրթական համակարգն օգտագործելով. Վահան Կոստանյանն ասում է. «Այդ մարդիկ նայում են, թե առողջապահական ոլորտում ոնց կարող են նույն հերոսություններին նայել, ու ստանալ իրենց տարկետումը։ Արդյունքում տուժելու են այն մարդիկ, որոնք փորձում են զբաղվել գիտությամբ»։ Լևոն Մկրտչյանը չի հերքում այն պնդումները, որ տարկետման իրավունքի վերացումով հասարակությունը ռազմականացվում է։ Ի հաշիվ գիտնականների թվի կրճատման, մեծացվում է զինվորականների թիվը. «Մեր երկիրը ցավոք սրտի տարածքով այնքան փոքր է, որ մենք չունենք թիկունք և սահման հասկացողություն։ Եվ Նախիջևանը, որտեղ դուք ծառայել եք, ընդամենը 40 րոպեի հեռավորություն ունի Երևան քաղաքից։ Դրա համար մեր բնակչությունը պետք է ունենա համապատասխան հմտություններ, որոնցից հիմնականը սեփական հայրենիքը պաշտպանելու հմտությունն է»։ Դավիթ Պետրոսյանը հակադարձում է. «Ջորջ Օրուելի 1984 գրքում է պատկերված՝ արտաքին թշնամու դերի սխալ ներկայացմամբ փորձում են լուծել ներքին հարցեր»։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները Կրթության և Պաշտպանության նախարարներին կոչ են անում ընդունել իրենց ու լսել հակափաստարկներ, որ կան Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը վերացնող օրինագծի դեմ։ Հանդիպմանը պետք է ներկա լինեն ԶԼՄ ներկայացուցիչներ։