Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը. ՄԱԿ-ի հատուկ զեկույցը

Հասարակություն
3e7b71819c262ac7ddbdc51756767a95

ՄԱԿ-ի փորձագետը կոչ է անում ներդնել ժամանակակից մոտեցումներ՝ Հայաստանի առողջապահությունը փոխակերպելու և անհավասարություններին արձագանքելու նպատակով  Հայաստանում պետական իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը՝ արձագանքելու երկրի առողջապահական համակարգում առկա մարտահրավերներին  և անհավասարություններին. սա է ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետի եզրակացությունը առաջին պաշտոնական այցի ավարտին։ Հայաստանն իրականացրել է մի շարք գովելի բարեփոխումներ, սակայն մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի իրացումը դեռևս բախվում է մի շարք լուրջ մարտահրավերների՝ կապված առողջապահության նկատմամբ հնացած մոտեցումների և շարունակական անհավասարությունների խնդրի հետ, - ասաց առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը իր առաքելության ավարտին արված հայտարարությունում։ Նա նշեց, որ Հայաստանն առաջընթաց արձանագրելու լավ հնարավորություններ ունի, սակայն ընդգծեց նաև կառուցվածքային և համակարգային մարտահրավերներ թե՛ օրենսդրական, թե՛ գործնական դաշտերում: «Առողջապահության ոլորտի պետական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ից ցածր են, սա աշխարհի ամենացածր ցուցանիշներից է»,- ասաց պարոն Պուրասը։ «Երկիրը շարժվում է դեպի պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգ, որտեղ բնակչության կոնկրետ խմբերի, հիմնականում՝ քաղաքացիական ծառայողների և սոցիալապես անապահով խմբերի համար վերանայված արտոնությունների մասով որպես երրորդ կողմ հանդիսացող կառավարիչներ կներառվեն մասնավոր ապահովագրողները։ Սա կարող է լուրջ հետևանքներ ունենալ համակարգում ներառվելու իրավասության, ընդգրկման և ֆինանսավորման տեսանկյունից. հավանական են անհավասարություններն և անարդյունավետ գործառնությունները, եթե չապահովվի ուժեղ վերահսկողություն և թափանցիկություն»։ Պարոն Պուրասը  գովելի համարեց ընթացիկ ջանքերը, որոնք ուղղված են ուժեղացնելու առաջնային օղակի և այլ ամբուլատոր բուժծառայությունները։ Սակայն նա ընդգծեց «լուրջ մարտահրավերները», որոնց բախվում է առողջապահական համակարգը նախկին, մեծապես հիվանդանոցային խնամքով բնութագրվող խորհրդային կենտրոնացված համակարգից անցման ճանապարհին, ինչպես նաև շեշտեց հասանելիության ու որակի տեսանկյունից լուրջ սոցիալ-տնտեսական և աշխարհագրական գործոններով պայմանավորված անհավասարությունները։ Հոգեկան առողջությանն ուղղված ծառայությունները դեռևս հետ են մնացել ժամանակակից մոտեցումներից, ասաց Հատուկ զեկուցողը՝ կոչ անելով Հայաստանին «հրաժարվել հոգեկան առողջության հնացած քաղաքականություններից և ծառայություններից, որոնք հիմնվում են մեծ հոգեբուժական հիվանդանոցների և երկարաժամկետ խնամք տրամադրող հաստատությունների վրա»։ «Թվում է՝ չկա բավականաչափ քաղաքական կամք՝ կրկնելու ժամանակակից համայնքային ծառայությունների օրինակը և տարածելու այն ամբողջ երկրում։ Սա իր հետ բերում է այն հավանական վտանգը, որ հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումներին ուղղվող ֆինանսավորումը կարող է ներդրվել առանձնացված, երկրի հոգեկան առողջապահության համակարգում դեռևս գերիշխող հոգեբուժական հաստատությունների վերանորոգման և ընդլայնման նպատակներով»,- ասաց պարոն Պուրասը։ «Ես հատկորոշել եմ Հայաստանում հոգեկան առողջության համակարգում առկա այս արատավոր շրջանի նշանները՝ տեսնելով, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ չափազանց հեշտորեն և չափազանց հաճախ են հոսպիտալացվում հոգեբուժական հիվանդանոցներում, միտում կա նրանց չափից շատ դեղորայք տալու և պահելու մեծ հաստատություններում երկարաժամկետ՝ պիտակելով որպես խրոնիկ հիվանդներ։ Սա միայն թուլացնում, խարանում և խտրական վերաբերմունք է ցուցաբերում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, հետևաբար, հարկ է հրաժարվել դրանցից»։ Տուբերկուլոզով հիվանդների խնամքը նույնպես կարիք ունի լուրջ և անհապաղ բարելավման, այդ թվում՝ նոր օրենսդրական ապահովման՝ երաշխավորելու նրանց դեմ խտրական վերաբերմունքի բացառումը, - նկատեց Հատուկ զեկուցողը։ «Տուբերկուլոզը Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լուրջ մտահոգություններից է, քանի որ ունի եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր տարածվածության ցուցանիշներից մեկը։ Հայաստանում բուժման արդյունքների ցածր մակարդակը մասամբ բացատրվում է  տուբերկուլյոզի՝ բազմադեղորայքային կայուն ձևի մեծ տարածվածությամբ, ինչպես նաև հիվանդների խարանման բարձր մակարդակով» , - ասաց նա։ «Տուբերկուլյոզի համայնքային խնամքի և բուժման կենտրոնները դեռ հարկ է լիարժեք կերպով զարգացնել»։ Հատուկ զեկուցողը գովելի համարեց Հայաստանի հանձնառությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուղղությամբ, հատկապես այն իմաստով, որ Հայաստանը դարձել է աշխարհի այն չորս երկրներից մեկը, որտեղ վերացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցումը մորից երեխային։ Այնուամենայնիվ, նա նշեց, որ բնակչության հիմնական թիրախային խմբերը ենթարկվում են մեծ ռիսկերի և բախվում են խոչընդոտների թե՛ օրենսդրորեն, թե՛ գործնականում, ինչպես նաև հանդիպում են խարանման և խտրականության, երբ հետազոտության և բուժման ծառայությունների են դիմում։ Նա կոչ արեց Հայաստանին՝ առանձնակի ուշադրություն դարձնել այնպիսի խմբերի կարիքների բավարարմանը, ինչպիսիք են երեխաները, միգրանտները, թմրադեղեր օգտագործողները, հաշմանդամները՝ ապահովելու «Կայուն զարգացման 2030 օրակարգով» սահմանված առողջապահական թիրախների ձեռքբերումը։ Պարոն Պուրասն Հայաստան այցելեց 2017 թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի  5-ը, հանդիպումներ ունեցավ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների, դատական համակարգի ներկայացուցիչների, առողջապահության ոլորտի պաշտոնյաների և աշխատակիցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դիվանագետների և քաղաքացիական հասարակության դերակատարների հետ։ Նա այցելեց տարբեր հաստատություններ Երևանում, Աբովյանում, Սևանում, Դիլիջանում, Վանաձորում և Սպիտակում։ Այցի շրջանակներում կատարած բացահայտումների մասին համապարփակ զեկույցը նա ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2018 թ. հունիսին։