Գիտական հանրությունը նշել է Վլադիմիր Բարխուդարյանի 90 ամյակը

Սեպտեմբերի 22-ին գիտական հանրությունը ՀՀ ԳԱԱ-ում հանդիսավորությամբ նշեց վաստակաշատ պատմաբան, հայագիտության բնագավառի  ճանաչված  կազմակերպիչ,  գիտության  վաստակավոր գործիչ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի 90-ամյակը: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում բացվեց ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի անվան սրահը: Սրահում պահվելու է Բարխուդարյանի ամբողջ գրաֆոնդը: Սրահը ծառայելու է գիտաժողովների, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Հայ գաղթավայրերի և Սփյուռքի բաժնի» նիստերի անցկացմանը:

Սրահի բացմանը հաջորդեց հանդիսավոր նիստ: «Այսօր մենք հավաքվել ենք` նշելու ականավոր գիտնական, փայլուն մարդու 90-ամյակը: Մենք նորից ենք հիշում Վլադիմիր Բարխուդարյանի գործերը, նրա մարդկային ամենանուրբ գծերը, նրա հզոր, հսկա ծառայությունը, որ մատուցել է մեր հանրապետության համար, հատկապես Գիտությունների ազգային ակադեմիայի համար: Նրա ամբողջ կյանքը նվիրված էր Գիտությունների ազգային ակադեմիային: Մեզ համար այսօր շատ դժվար է, որ նա չկա: Մենք զգում ենք նրա պակասը, նրա խորհուրդների կարիքը, նրա նվիրվածությունը մեր բոլորի նկատմամբ»,- իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

«Բարխուդարյանը վիթխարի վաստակ ունեցող պատմաբան էր, և այդ մասին վկայում են և իր գրքերը, և  գրախոսական կարծիքները, և այն պարգևները, որ նա ստացել է իր գիտական աշխատությունների համար: Նա շատ ջանք ու եռանդ է ներդրել, որպեսզի ակադեմիայում գիտական գործընթացը կազմակերպվի բարձր արդյունավետությամբ, իսկ հայագիտությունը զարգանա պատշաճ մակարդակով»,- ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը:

«Մեր` պատմաբաններիս պատկերացմամբ Գիտությունների ակադեմիան ունի պատմություն, որը երկու մասի կարելի է բաժանել` մինչբարխուդարյանական ակադեմիա և հետբարխուդարյանական: Երբ որ սև ամպեր են կուտակվել ակադեմիայի գլխին, Բարխուդարյանը միշտ առաջին շարքում է եղել, պայքարել է և միշտ հաջողել է: Մենք պարտավոր ենք հետբարխուդարյանական շրջանում ակադեմիան պահել այն նույն բարձրության վրա, ինչպիսին Բարխուդարյանի ժամանակ կար: Սա մեր պարտքն է. ազգային արժեքը պիտի պահել»,- ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Ընթերցվեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձները: Ցուցադրվեց «Մի կյանքի պատմություն. Վլադիմիր Բարխուդարյան» ֆիլմը և ներկայացվեցին «Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյան-90» (նյութերի ժողովածու, Եր., 2017), «ԲարխուդարյանՎ.Բ., Ֆեոդալական հողատիրությունը Հայաստանում 9-11-րդ դդ.» (Եր., 2017) գրքերը:

Հնչեցին ջերմ խոսքեր ակադեմիկոս Բարխուդարյանի աշակերտների և գործընկերների կողմից: Առաջարկվեց Բարխուդարյանի ծննդավայրի` Աղքյորփի գյուղի միջնակարգ դպրոցն անվանակոչել Վլադիմիր Բարխուդարյանի անունով: