Լեւոն Արոնյանը հաղթեց «արմագեդոնում» եւ մտավ աշխարհի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի Լեւոն Արոնյան – Մաքսիմ Վաշյե-Լագրավ մրցամարտի վերջին պարտիան՝ «արմագեդոնը», ավարտվեց սպիտակներով հանդես եկող հայ շախմատիստի հաղթանակով:

Այդպիսով, մեր գրոսմայստերը ընդհանուր 5:4 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի շախմատիստի նկատմամբ եւ մտավ եզրափակիչ: Այստեղ Լեւոն Արոնյանը կմրցի չինացի Դին Լիրենի հետ: Եզրափակիչ մրցամարտը բաղկացած է դասական 4 պարտիայից:

Լևոն Արոնյանը  հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով:

«Այսօր դրամատիկ օր էր: Շատ ուրախ եմ, որովհետև օրն ավարտվեց, և ես ի վերջո հաղթեցի: Այն հարցին թե ինչպես կարողացա հաղթել կասեմ, որ այս դեպքում երևի թե պետք է հաջողակ լինել: Չկա որևէ բաղադրատոմս, ուղղակի պետք է արագ խաղալ և հուսալ, որ հակառակորդը սխալ թույլ կտա: Մաքսիմը ուժեղ մրցակից է, կարծում եմ կարողացա ապացուցել, որ էս էլ մյուսներից վատ չեմ խաղում: Այս հաղթանակը շատ կարևոր էր ինձ համար, քանի որ այսօր Հայաստանի անկախության օրն է»,- ասել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը