Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանտի ագռավը մնացել է Ռոմիկի հետ՝ հրաժարվելով ծնողներից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Romik-bant

Ռոմիկ Մազմանյանին Կոշի բանտում բոլորն են ճանաչում։ Կաթսայատան անխափան աշխատանքն ապահովում  է հենց նա։ Սենյակը, որ հատկացված է Ռոմիկին գիշերային հերթապահության համար, ունի նաև այլ բնակիչներ։ «Ա1+»-ին ուղեկցող բանտի պաշտոնյան՝ Սամվել Գյուրջինյանը դիմում է Ռոմիկին. -Այ տղա, դաստիարակիր թռչուններիդ։  Ռոմիկ - Սաղ դաստիարակված են։  Սամվել Գյուրջինյան- էս քանի՞ հատ են։  Ռոմիկ – 8 հատ են։  Սամվել Գյուրջինյան - Բա ո՞ւր է ագռավը»։ Բայց թռչուններից մեկին այդպես էլ հնարավոր չի եղել վարժեցնել  անազատությանը։ Նա չմտավ վանդակ։ Ռոմիկի ագռավը նրա հետ է օրվա գրեթե բոլոր ժամերին։ Ինքը փրկել է թռչունի կյանքը, Գոշան էլ մնացել է։  «Ինքը կրիշից էր ընկել, պահեցի, որ կատուները չուտեն, էդպես մերվեց հետս»։  Թռչելու, փախչելու ցանկություն չունի՞, հարցին Ռոմիկը պատասխանում է. «Չէ, հերն ու մերն էլ են եկել, չեն կարողացել տանեն»։ Գոշայի ու Ռոմիկի անմիջական հարևանությամբ վարսավիրանոցն է։ Հովհաննես Սարգսյանը մինչ նոր մասնագիտության մեջ հմտանալը ճաշարանում էր աշխատում։ Կամաց-կամաց, արդեն մեկ ու կես ամիս, սկսել է յուրացնել վարսավիրական գործի մանրուքները։ Օգնում է ավելի հմուտ ընկերը։ Եթե առաջ կալանավորներն զգուշանում էին Հովհաննեսի աթոռին նստել,  հիմա արդեն վարպետի ու նրա միջև տարբերություն չեն դնում։  «Երբ նայում էի մազերի կտրվածքին, զգում էի՝ չեմ կարողանում, ասում էի՝ թող ինքը անի, հիմա արդեն՝ բոլորին էլ ճանապարհում ենք»,- պատմում է Հովհաննես Սարգսյանը։  Բանտի պայմաններից չի բողոքում՝ էնքան էլ վատ չի, ասում է։ Բայց, այնունամենայնիվ, այստեղ մի բան այն չէ. «Ուղղակի որ հարազատները կողքդ չեն, շատ ես նեղվում էդ ամեն ինչից։ Մենակ ավտո չեն տեսնում, մեկ էլ հարազատներին։ էդ կարոտն ա, թե չէ լավ ա»։  Դավիթ Հարությունյանը սպորտային ասպարեզում մեծ հավակնություններ ունի։ «Ցրում ա ինձ, ոնց որ գաղութում չլինեմ, մոռանում եմ հին անցյալները, վատ մտքերը։ Պիտի սիրես, ոնց ասեմ, ամեն մարդ իր բնագավառն ա սիրում, ես էլ սպորտն եմ սիրում։ Մի քիչ էլ ուժեղանամ, գնամ մրցումների, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում»,- պատմում է Դավիթը։ Արդեն 15 տարի Դավիթ Հարությունյանը ամենօրյա ռեժիմով  մարզվում է։ Սովորությունից չի հրաժարվել նաև բանտում հայտնվելուց հետո։ Այնքան է առաջ գնացել, որ եռամարտի մրցույթներից վերադարձել է պարգևներով։ Դավիթը նույնիսկ եռամարտի անձնական ռեկորդ է սահմանել՝ պոկելով 245 կիլոգրամանոց ծանրաձողն ու պառկած բարձրացնելով 165 կիլոգրամ ծանրությունը։ Եռամարտի համաշխարհային առաջնությունների մասնակցելու և հաղթելու նպատակի առաջ խոչընդոտ չէ անգամ հին մարզասարքերով պարապելը։  «Պարապողի համար կարևոր չի ֆիրմա մարզասարքեր, եսիմ ինչ, կուլտուրիզմի չեմպիոններ կան, որ տեսնեք, ռոլիկներով վարժություններ է սարքած եղել, գնացել են մրցումների։ Կարելի է սրանցով ամեն ինչի էլ հասնել»,- ասում է Դավիթ Հարությունյանը։ Կոշ քրեակատարողական հիմնարկում հույս ունեն շուտով ազատվել հնամաշ մարզասարքերից։ Բանտի պետի տեղակալ Սամվել Գյուրջանյանն ասում է. «Ինչի կարիք որ ունենք, մենք ներկայացրել ենք Արդարադատության նախարարությանը, խոստացել են, որ կտրամադրեն»։ Դավիթը դեռ անազատության մեջ կմնա 4 տարի 8 ամիս։