Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճեմարանական սաները դարձյալ գերազանցել են աշխարհի միջին ցուցանիշը

Հասարակություն
chemaran

Այս օրերին ամբողջ աշխարհում Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրում ուսանած 159. 400 շրջանավարտներ ստանում են իրենց միջազգային դիպլոմները: Միջազգային դիպլոմներ ստացան նաև «Շիրակացու ճեմարանի» շրջանավարտները և համալրեցին աշխարհի 152 երկրների 1.7 միլիոն ԴԾ շրջանավարտների շարքերը, որոնց թիվն, ի դեպ, նախորդ տարվա համեմատ աճել է 6.42 տոկոսով:   Դիպլոմային ծրագրի այս տարվա քննությունների միջին արդյունքը 29.95 է (45 հնարավորից), և միայն 218 ուսանողների է հաջողվել նվաճել բարձրագույն շեմը՝ այդ թվում նաև «Շիրակացու ճեմարանի» սան Կարեն Քրմոյանին: Եվս մեկ տարի 100% ցուցանիշով Ճեմարանը հանդես է գալիս որպես միջազգային կրթական որակ ապահովող կառույց.  երկրորդ տարին անընդմեջ ճեմարանի սաների քննությունների միջին արդյունքը գերազանցում է աշխարհի միջին ցուցանիշը. առավելագույն 45 միավորից աշխարհի միջին գնահատականը 29.95 է, ճեմարանականներինը` 37: Նախորդ տարի 12, այս տարի՝ 6 շրջանավարտների շնորհվել են Միջազգային բակալավրիատի ավարտական դիպլոմներ՝ International Baccalaureate Diploma, որը նրանց հնարավորություն է տալիս առանց ընդունելության քննությունների ընդունվել աշխարհի լավագույն բուհեր: «Աշխարհի առաջատար 3000-ից ավել  բուհեր այնքան են վստահում ՄԲ Դիպլոմային ծրագրի արդյունքներին, որ նրա շրջանավարտներին հնարավորություն են տալիս առանց ընդունելության քննությունների շարունակել բարձրագույն կրթությունը այն բուհերում, որտեղ կընդունվեն շրջանավարտները»,- ասում է ԴԾ համակարգող Աննա Ստեփանյանը:  Այս ծրագիրը աննախադեպ հնարավորություն է ոչ միայն ստանալու խորը և բազային գիտելիքներ, այլև սովորելով Հայաստանում, միայն ավարտական քննություններով ընդունվել միջազգային հեղինակավոր բուհեր:   «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը միակն է, որի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցները հավաստագրված են համապատասխանաբար Միջազգային բակալավրիատի՝ Primary Years Programme, Middle Years Programme և Diploma Programme ծրագրերով: Միջազգային բակալավրիատը ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ունի խորհրդատվական կարգավիճակ Եվրոպայի խորհրդում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Այն միջազգային ճանաչում ունեցող հանրակրթական ամենահայտնի համակարգն է, որի ավարտական վկայականը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ: 1968թ.-ին հիմնադրված համակարգն այսօր ներառում է 156 երկրների 4655 դպրոց: