Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Ղուկասյանը լավ տեղյակ է, ֆերմեր է (տեսանյութ)

Տնտեսություն
Untitled4-3

2018թ. հուլիսի մեկից ՀՀ-ում կենդանու մորթը պարտադիր պետք է իրականացվի սպանդանոցում եւ վաճառքի ժամանակ միսն ունենա սպանդանոցի տեղեկանք: «Խոսքի օրինակ՝ մարդն ուզում է մատաղ անի, պիտի տանի եկեղեցի, եկեղեցուց հետո սպանդանոց, նո՞ր մատաղ լինի: Կամ ասենք՝ բանակի քեֆ է անում, ինքն իր անասունը մորթում է, պիտի անպայման տանի սպանդանոցո՞ւմ մորթել տա, որ քե՞ֆ անի»,- այսօր  ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում նախագծի քննարկմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը: «Մենք ունենք բացառություններ եւ դեպքեր, երբ խոսքը վերաբերում է ծիսակատարություններին, որսին: Եթե որեւէ մարդ ունի կենդանի եւ ուզում է մատաղ անել եւ սեղանին դնել, դա իր իրավունքն է, խոսքը գնում է իրացման ցանցերի, վաճառքի կետերին տալու մասին»,- պարզաբանեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: Քննարկվող նախագծով սահմանվում է նաեւ, որ եթե տնտեսվարողը չունենա մսի վաճառքի համապատասխան փաթեթավորում, մակնշում, սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը, ապա նա կտուգանվի 20 հազար դրամով: Պետական պաշտոնյայի դեպքում տուգանքը   սահմնաված է 100 հազար դրամ: «Էս տուգանքները պետք չէ այլեւս կիրառել, քանի որ դա վնասում է։ Աշխատող մեր քաղաքացիները առանց այն էլ քիչ են, աշխատատեղերը քիչ են, տուգանքներն էլ... անընդհատ տուգանք եք բերում: Միգուցե ժամկետ տաք, մարդիկ կարգավորեն գործունեւությունը»,- նկատեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Տնտեսվարողներին նախազգուշացնում ենք, որպեսզի իրենք կատարեն համապատասխան փոփոխություններ եւ տուգանքը կիրառում ենք ծայրահեղ դեպքերում»,-պատասխանեց Իշխան Կարապետյանը: «Ծառուկյան» դաշինքի մեկ այլ պատգամավորի, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մտահոգում էր սպանդանոցային ծառայությունների գների կարգավորումը։ «Գոնե սկզբնական շրջանում  յուրաքանչյուր քաղաքում, գոնե մի երկու հատ լիներ: Վերավաճառողները ավելի շատ գումար են ստանում, քան գյուղացին, որն էդ անասունը երկար տարիներ պահում է: Ես էլ ֆերմեր եմ, դրանից լավ տեղյակ եմ»,- նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հիշեցրեց, որ ՍԱՊԾ-ն ուսումնասիրել եւ պարզել է, որ ՀՀ-ին   անհրաժեշտ է 30-70 սպանդանոց. «Մինչդեռ, կա 15 սպանդանոց, որից, ինչպես մեր նախորդ հանդիպումների ժամանակ ասացիք, 6-7-ն են գործում»: «Այսինքն, մենք սրանով փաստում ենք, որ ունենք սպանդանոցային կարողություններ, որոնք վերագործարկվելու դեպքում կարող են մատուցել այդ ծառայությունները»,- հայտարարեց Իշխան Կարապետյանը: Այս եւ հանձնաժողովում քննարկված մյուս նախագծերը դրական եզրակացությամբ մտան ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։