Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասուն Միքայելյանը մտահոգություններ ունի ռազմատեխնիկական նոր համաձայնագրերից (տեսանյութ)

Քաղաքականություն
AJ-3

Հայաստանը միանում  է համաձայնագրի, որը արդեն 16 տարի է կնքել են Ռուսաստանի եւ Բելառուսի կառավարությունները։ Ի՞նչ օգուտներ է  նախատեսում  «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբին միանալու  փաստաթուղթը, որը բերվել է ԱԺ:  «Ունենք ռուսական բազա, որն իր ռազմատեխնիկան վերանորոգում է ոչ հայաստանյան ձեռնարկություններում: Վաղը-մյուս օրը դա հնարավոր կլինի անելու մեր՝ հայաստանյան ձեռնարկությունում, մենք դրանից օգուտներ քաղելու ենք»,- կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց նաեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ միջպետական համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու մասին նախագիծը: «Քաղաքական մոտեցում է պետք, որ բոլոր երկրների հետ նման ռազմատեխնիկա գնելու դեպքում ազատվեն հարկերից: Այսինքն, ընդհանուր քաղաքականություն որդեգրեն եւ չառանձնացնեն: Հաջորդ անգամ, ասենք՝ Չինաստանի, Պարսկաստանի, Բելառուսի հետ ամեն անգամ պետք է առանձին նախաձեռնությամբ հանդես գա՞ն՝ ազատվելու հարկերից»,- նկատեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը: «Օրենքի նախագիծը վերաբերում է հենց ՌԴ-ին, սակայն վստահ եմ, որ մոտ ապագայում կլինեն այլ նախաձեռնություններ՝ մյուս երկրներից ներմուծված ռազմական նշանակության ռազմատեխնիկան նույնպես ազատելու ԱԱՀ-ից»,- վստահեցրեց հարակից զեկուցող «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Դավիթ Մանուկյանը:    «ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկմանն էլ Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին մեկ հարց էր հետաքրքրում՝ մեզ ի՞նչ առավելություն է դա տալու. «Սա չի՞ տանում նրան, որ խաղաղապահ զորքերը մտնեն Արցախ: Տավուշի ուղղությամբ հարձակում եղավ, ՌԴ-ն ոչ մի արձագանք չտվեց, մինչդեռ մենք ԵՏՄ անդամ ենք: Հակաօդային ուժերը ՌԴ-ին նվեր տվեցինք, հիմա առանց ՌԴ թույլտվության մենք կարո՞ղ ենք առանձին գործողություն կատարենք ոչ միայն հակաօդային, այլեւ ցամաքային: Ամեն ինչն ենք տանո՞ւմ, կներեք, ՌԴ տակ, որը շատ վտանգավոր է»: «ՀՕՊ-ի դեպքում էլ ՀՀ ՀՕՊ ուժերի հրամանատարն է ղեկավարը, որը շարունակում է իր պարտականությունները կատարել, այն է՝ ՀՀ տարածքային ամբողջականության ապահովման պաշտպանումը: Երկկողմ համագործակցությունը՝ ուզում է ֆինանսական ոլորտում լինի, ուզում է՝ գյուղատնտեսության, ուզում է՝ ռազմատեխնիկական ոլորտներում լինի, փոխադարձ պարտականություններ են: Ասում եք՝ Տավուշի վրա հարձակվել են, այդ դեպքում երբեք չենք դիմել ոչ ՀԱՊԿ համակարգին, ոչ ռուսական գործընկերներին, որ պայմանագրի պարտավորությունները կատարեն: Դրա անհրաժեշտությունը չի եղել ու վստահ չեմ, որ առաջիկայում դա կլինի՝ շատ մեծ զարգացումների պարագայում միայն հնարավոր կլինի: Այդ պարտավորությունները չի տարածվում Արցախի վրա»,- հայտարարեց Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:   Հանձնաժողովում քննարկված բոլոր նախագծերը դրական եզրակացությամբ մտան ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Գրեթե բոլոր նախագծերին Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը դեմ քվեարկեց: