Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերականգնվել են Գագիկ Հարությունյանի ոչնչացված լուսանկարները (տեսանյութ)

Մշակույթ
nkar-nkar

«Ժամանակի ստվերները»  նոր կյանք են առել։   Մի քանի օրից արդեն ամբողջովին պատրաստ կլինի ցուցադրությունը, որում ներկայացվելու են Խորհրդային Հայաստանի  վերջին 20 տարիները՝ լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի աշխատանքների միջոցով։ Ցուցահանդեսը իրականություն դարձավ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի ու «Լուսադարան»  հայ լուսանկարչության հիմնադրամի  մոտ վեց տարվա  համատեղ ջանքերի շնորհիվ: Կազմակերպիչները խոստովանում են՝ վարպետին  համոզելը՝  ներկայանալ անհատական ցուցահանդեսով, ամենաբարդ գործն է եղել: Սա նրա առաջին հետահայաց ցուցահանդեսն է։ Մեկ այլ ավելի բարդ գործ էր սպասվում  Գագիկ Հարությունյանին համոզելուց հետո. պետք էր վերականգնել ու վերատպել  նրա բոլոր լուսանկարները: «Գագիկ Հարությունյանն իր տարիների կատարած աշխատանքները,  տպագրված լուսանկարները ոչնչացրել էր: Իր մոտ պահպանվել էին այդ նկարների միայն սեւապատկերները: Այդ ամենը վերականգնելը բարդ աշխատանք էր։ Այսօր, ցավոք, չկան մասնագիտացված լաբորատորիաներ, որտեղ դա հնարավոր կլիներ անել»,- պատմում է «Լուսադարան»  հայ լուսանկարչության հիմնադրամի տնօրեն, ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը: Ցուցահանդեսի նախապատրաստման ամեն մի մանրուքից Գագիկ Հարությունյանը տեղյակ է: Կազմակերպիչներն ասում են՝ ուշի ուշով է հետեւում, պատմում ու բացատրում բոլորին, որ ոչինչ սխալ չլինի: «Ժամանակի ստվերները»  խորագրով ցուցահանդեսը  Նկարիչների միությունում բաց կլինի օգոստոսի 25-ից:  Նույն օրը տեղի կունենա Գերմանիայում հրատարակված երկլեզու պատկերագրքի երեւանյան շնորհանդեսը։