Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր Ջուղայի թատրոնի ապագան՝ օդից կախված (տեսանյութ)

Մշակույթ
02

«…Պարտք համարեցի այցելության գնալ պարսիկ խորհրդարանի անդամ Միրզայանին, որի շնորհալի տիկնոջը ծանոթ էի վաղուց, դեռևս առաջին անգամ Թիֆլիս այցելած տարիներիս: Անցյալի օրիորդ Մաշիկ Ջաղեցյանը տիկին Միրզայան էր այսօր, պատվարժան պարոն Միրզայանի կինը, որը մեծ դեր էր կատարել իմ Պարսկաստան այցելելու խնդրում: Նրանց հյուրասեր հարկում մնացի, քանի եղա ես այդ վայրերում»,- հիշում է իր «Հետադարձ հայացք» գրքում Վահրամ Փափազյանը։ Պարոնը՝ հայտնի թարգմանիչ, գրականագետ և Իրանի խորհրդարանի անդամ Հովսեփ Միրզայանցն էր, ում շնորհիվ հիմնվեց նաև Նոր Ջուղայի թատրոնը, որի բեմում խաղացել են Սիրանույշն  ու Վահրամ Փափազյանը, և, որն այս տարի տոնում է 130-ամյա հոբելյանը: Հոբելյանը պետք է տոնեին դեռ փետրվարի 7-ին, սակայն որոշակի պատճառներով այն հետաձգվեց, և տոնական հանդիսությունները  սպասվում են հոկտեմբերի 6-ին: «Հուսով ենք, որ մեր մայր թատրոնի՝ Սունդուկյանի թատերախումբը պետք է իր մասնակցությունը բերի, առայժմ դեռ քննարկման փուլում ենք: Տեսնենք»,- ասում է հոբելյանական հանձնաժողովի նախագահը՝ Նիկիտ Միրզայանցը, որը Նոր Ջուղայի թատրոնի հիմնադիրներից մեկի՝ Հովսեփ Միրզայանցի թոռն է: Առաջին հայտագիրը, առաջին վկայությունը թատրոնի մասին, հիմնադիրներ Հովսեփ Միրզայանցի և Բեգլար Աղայանի, դերասանների ու ներկայացումների անցյալի ու ներկայի լուսանկարներ, որ մի ամբողջ դարաշրջանի հայ մշակութային օջախներից մեկի պատմությունն է՝ հիմնադրումից, թատրոնի ոսկե դարից մինչ մեր օրերը: Գիրք-ալբոմը, որ շուտով կտպագրվի ներառելու է թատրոնի ողջ պատմությունը: «Դժբախտաբար իրանահայերը շատ են արտագաղթում: Դպրոցահասակ երեխաներ քիչ կան: Այս նոր դարում երիտասարդներն այնպես հետաքրքրված չեն գրականությամբ ու թատրոնով, ինչպես նախկինում: Ուրիշ հետաքրքրություններ ունեն: Սա մեծ խնդիր է:- ասում է պարոն Միրզայանցը: Կունենա՞ արդյոք թատրոնը ապագա, թե հոբելյանը պետք է ամփոփի ու փաստի, որ սա արդեն պատմության էջ է, իր մտահոգությունն է հայտնում Նիկիտ Միրզայանցը:Այս տոնակատարությունը հուսով են մի փոքր պիտի խանդավառի ժողովրդին: Հայաստանից, Սփյուռքի նախարարությունից հատկապես ակնկալիքներ ունեն, լուրջ խնդիրներ որոնք լուծում են պահանջում: Հատկապես լեզվի խնդիրը, հին և նոր ուղղագրության հարցը, որ այսօր երեխաներին շփոթից դուրս բերեն, որ համայնքում լեզուն զարգացում ունենա: