Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ դատարանը ճանաչեց Հրաչյա Հարությունյանի գործով ՌԴ դատավճիռը (տեսանյութ)

Հասարակություն
hrachya

ՌԴ-ից մոտ մեկ ամիս առաջ  Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը դատարանում է: Հիշեցնենք, 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:  4 տարի Ռուսաստանի Դաշնությունում իր պատիժը կրելուց հետո նրան արտահանձնել են:   Նա ՌԴ-ում առողջական խնդիրներ է ունեցել, սակայն հրաժարվել է վիրահատության ենթարկվել: Իսկ Հայաստանում արդեն վիճակը լավ է:   Նա ՌԴ քրեակատարողական հիմնարկում  պարբերաբար պատժախուց է տեղափոխվել: «Իբրեւ թե ճաշարան չեմ գնացել, բայց այդպես չէ»,- դատարանում հայտարարեց Հրաչյա Հարությունյանը՝ անդրադառնալով իր պատժին: Այսօր դատարանում քննվում էր Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության միջնորդությունը՝ ՌԴ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը  Հրաչյա  Հարությունյանի մասով ճանաչելու վերաբերյալ: Հրաչյա Հարությունյանն առանց պաշտպանի էր մասնակցում նիստին։ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մոտ 1 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո որոշեց բավարարել միջնորդությունը եւ ճանաչել դատավճիռը՝ ազատազրկումը 6 տարի 9 ամիս ժամկետով:  «Մեզ համար ինքը հանցագործ չի, մարդասպան չի,դիտավորյալ չի  եղել, միամիտ է ստացվել, մեքենան անսարք է եղել: Մի կողմից նայում ես անմեղ է, բայց մի կողմից էլ զոհ եղել է 18 հոգի»,- ասաց  Հրաչյա Հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը: Կինը պատմում է՝ տեսակցության ժամանակ Հրաչյա Հարությունյանը ազատազրկման վայրի պայմաններից  համարյա բան չի պատմել:  «Ուղղակի թոռնիկին էր կարոտել,անընդհատ գրկում էր, սիրում, ասում էր, շատ է մեծացել, շատ է փոխվել: 4 տարուց ավելի չէր տեսել թոռնիկին»,- պատմում է  Անահիտ Մարտիրոսյանը։  Հրաչյա Հարությունյանի հարազատները հույս ունեն, որ  Հայաստանում անհրաժեշտ բոլոր վիրահատությունները կարվեն: