Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունները Հայաստանի վրա չեն ազդի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shavarsh

«Մենք շահագրգիռ ենք Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելուն եւ այդ հարցում մենք երբեք չենք նայել այլ պետության դիրքորոշմանը»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց  փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ- Իրան հարաբերությունների վատթարացման դեպքում ինչպիսին կարող է լինել Հայաստանի դիրքորոշումը։ «Անգամ այն ժամանակ, երբ իրանը գտնվում էր շատ խիստ պատժամիջոցների տակ, եւ դրա առաջատարը հենց ԱՄՆ-ն էր, այդ երկիրը ըմբռնումով էր մոտենում մեր  բարեկամական եւ տնտեսական հարաբերություններին: Եթե պետությունը ազնիվ է իր քաղաքականության մեջ, բոլորին նույն բանն է ասում, այլ ոչ թե մեկին մի բան, մեկ ուրիշին մեկ այլ բան, ապա կարծում եմ ամեն ինչ նորմալ է»: Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները ի՞նչ վնաս են հասցնելու Հայաստանին՝ Շավարշ Քոչարյանն ասաց. «Բոլորի համար ակնհայտ է, որ երբ Ռուսաստանում տնտեսության ոլորտում տեղի են ունենում բացասական երևույթներ, դա անդրադառնում է բոլոր հարևանների վրա: Դրա դասական օրինակն այն է, որ երբ Ռուսաստանում եղավ ճգնաժամ, դա անդրադարձավ թե ԵՏՄ անդամ Հայաստանի վրա, թե ոչ անդամ Ադրբեջանի վրա, թե դեպի Եվրամիություն գնացող Վրաստանի վրա: Այն պետությունները, որոնք տարբեր ձևերով կապված են Ռուսաստանի հետ՝ լինի աշխատուժ, տրանսֆերտներ, տարբեր ապրանքների իրացում և տնտեսական հարաբերություններ, բնական է, դա ազդում է»: Իսկ ինչպես պետք է Հայաստանը  չեզոքացնի պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը. «Գիտեք ինչ, չեզոքացնել ռիսկերը, երբ պատժամիջոցների դիմում է ինքը Արևմուտքը, մենք դրա վրա գրեթե ազդեցություն չունենք: Իսկ ընդհանուր մեր արտաքին տնտեսական քաղաքականությունը հետևյալն է՝ եղած տնտեսական կապերը խորացնել եւ  ստեղծել նոր տնտեսական կապեր, նոր հարաբերություններ: Դրա համար արդեն կան թիրախավորված տարբեր երկրներ, ներկայացվել է ցուցակ, որի առաջին 14 երկրներն ընդամենը մեկնարկային են, ցուցակը սպառիչ չէ: Այդ ուղղությամբ լրջագույն աշխատանք է կատարվում»: