Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգեբույժը Հայ բժշկության թանգարան է հիմնել՝ առանց պետական աջակցության (տեսանյութ)

Հասարակություն
bjishk-2

Պեղածո մասունքներ, պղնձե, կավե, ապակյա սափորներ, սրվակներ ու սկահակներ, փայտե ու բրոնզե հավանգներ, բժշկական գործիքներ և սարքեր, գրքեր, փաստաթղթեր, լուսանկարներ, գրասեղաններ, գրապահարաններ, հայ և օտարազգի անվանի բժիշկների գրքեր՝ ինքնագրերով, ընծայագրերով, լուսանկարներ ու փաստաթղթեր: Ավելի քան 30 հազար ցուցանմուշ ներառող այս հավաքածուն, մասնագիտությամբ հոգեբույժ, հոգով կոլեկցիոներ Հարություն Մինասյանինն է, որ հավաքել, գնել, փոխանակել, նաև նվիրատվություններ է ստացել ու հիմնել իր երազած Հայ բժշկության թանգարանը: Այստեղ կպահպանվի, կցուցադրվի և սերունդներին կփոխանցվի հայ ժողովրդի դարավոր բժշկական մշակութային ժառանգությունը՝ նյութական և հոգևոր արժեքները:   Հետաքրքրությունը հին իրերի հանդեպ երիտասարդ բժշկին տարավ՝ որպես օգնական աշխատելու հնագիտական պեղումներ կատարող մի խմբի հետ: Յուրաքանչյուր պեղումից հետո, որպես վարձատրություն նրան տալիս էին պեղածո մեծ արժեք չներկայացնող որևէ իր կամ մասունք: Այսպես ստեղծվում ու համալրվում էր հավաքածուն: Հետո որոշեց բժշկական ուղղվածություն տալ, սկսեց հավաքել բժշկական իրեր, գործիքներ, լուսանկարներ, գրքեր, արխիվներ: «Երբ հասկացա, որ տանն այլևս հնարավոր չէ տեղավորել հսկայական հավաքածուն, - ասում է բժիշկ Մինասյանը,- խնդրեցի Երևանի թիվ 11 պոլիկլինիկային, որտեղ աշխատում էի, սենյակ տրամադրել թանգարանային ցուցադրության համար»: 1999 թվականին նա թանգարանը գրանցում է ՀՀ մշակույթի մասնավոր թանգարանների ցուցակում և Ռիգայի Պաուլ Ստրադինի անվան բժշկության պատմության թանգարան-ինստիտուտում:  «Աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ նախկին խորհրդային երկրները, նույնիսկ Վրաստանն ու Ադրբեջանը, վաղուց ունեն իրենց բժշկական մշակույթը ներկայացնող թանգարաններ, մինչդեռ հազարամյա բժշկական պատմություն ունեցող հայ ժողովուրդը ՝ոչ,-ցավով ասում է Հարություն Մինասյանը:- Դիմել եմ տարբեր ատյանների, առողջապահության նախարարություն, Երևանի բժշկական համալսարան, մշակույթի նախարարություն, քաղաքապետարան, գրել եմ տասնյակ դիմումներ, թակել տասնյակ դռներ, Երևանի կենտրոնում թանգարանին տարածք տրամադրելու համար, օրինակ Աբովյան փողոցի վրա գտնվող բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի շենքը, որ նաև որպես բուժհաստատություն է ծառայել: Մեր չինովնիկները ասացին, որ ազգանվեր գործ եմ անում, սակայն այդպես էլ որևէ բան չարեցին, ոչ տարածք տրամադրեցին, ոչ էլ ֆինանսական ներդրում»: Արդյունքի չհասնելով բաց նամակ է գրել աշխարհի հայ բժիշկներին, համացանցով տարածել և անձնական միջոցներով, նաև նվիրատուների շնորհիվ գնել 3 սենյականոց բնակարան Շենգավիթի վարչական շրջանի շենքերից մեկում (Արշակունյաց 44/1, բն. 43) ու այն դարձրել թանգարան: Ի դեպ, Հարություն Մինասյանը ում ծնողներն 1930-ականներից ապրել են այստեղ իրեն Շենգավիթ համայնքի հին բնակիչներից է համարում: Ինքնաեռներ, արդուկներ և այլ կենցաղային իրեր, երաժշտական գործիքներ: Առաջին հայացքից, կարծես թե, բժշկության հետ որևէ առնչություն չունեցող յուրաքանչյուր նմուշ պարզվում է ունի ցուցադրության իրավունքն ու բացատրությունը: bjishk 1 Քանի որ վաղ ժամանակներում բժշկական գործիքներ չեն եղել, բժիշկները օգտագործել են ձեռքի տակ եղած ամեն մի պարագա, -ասում է պարոն Մինասյանը: Օրինակ՝ ինքնաեռը, բժիշկները անընդհատ պետք է ունենային եռման ջուր, ձեռքերը և հիվանդի վերքերը լվանալու համար: Արդուկը բժշկության մեջ օգտագործվել է որպես ստերիլիզացնող միջոց և տաք պրոցեդուրաների համար, օրինակ նյարդային հիվանդությունների բուժման համար: Սրճաղացով աղացել են բույսերի արմատներ, իսկ թակը «անեսթեզիայի» յուրատեսակ դեր է կատարել: Օբսիդիանից դարեր առաջ վիրահատական գործողությունների համար դանակներ են պատրաստել, իսկ փայտե սառնարանը, որն արտադրվել 19-րդ դարի վերջերին Թիֆլիսում, պարզվում է,  իր հետ Երևան որպես «օժիտ» է բերել բժիշկ Արմենակ Մելիքյանի տիկինը՝ գերմանուհի մանկաբարձ-գինեկոլոգ Մարիա Լյայստերը: Թանգարանի արժեքավոր ցուցանմուշներից են Մեծամորից բերված 5000-ամյա սափորը, Գորիսից ՝ կավե սրվակները, Արտաշատի պեղումներից հայտնաբերված մարդու 5000-ամյա կմախքը` գանգոսկրի ախտաբանությամբ, Պետրոս Քալանթարյանի 1793-ի Նոր Նախիջևանում տպագրված «Բժշկարան համառոտ» գիրքը, Մխիթար Հերացու՝ XII դարում գրված և 1832-ին Վենետիկում տպագրված «Ջերմանց մխիթարություն» գիրքը: Թանգարանի մուտքն անվճար է, սակայն մուտքը՝ նախնական զանգով: «1968-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշեց Մխիթար Հերացու ծննդյան 850-ամյակը: Հաջորդ տարի կտոնենք 900-ամյակը: Ո՞ր լավ գործերով ենք տոնելու՝ չգիտեմ, -ցավով ասում է Հարություն Մինասյանը: