Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինված խմբի գործով անցնող ազատամարտիկը փորձաքննություն կանցնի (տեսանյութ)

Քաղաքականություն
zinvac-xumb

Նորք Մարաշում զինված խմբի գործով անցնող Էդուարդ Ներսիսյանը՝ ազատամարտիկների շրջանում հայտնի Ապարը, դատաբժշկական փորձաքննության կենթարկվի: Դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր բավարարեց պաշտպանի միջնորդությունը:  Պաշտպանը ավելի վաղ ներկայացված  միջնորդությամբ դատարանին խնդրել էր  փոխել առողջական լուրջ խնդիրներ ունեցող  Էդուարդ Ներսիսյանի խափանման միջոցը: «Դատարանը,  երկրորդ պլան մղելով խափանման միջոցի հարցը,  առաջնահերթության կարգով լսեց միջգերատեսչական  փորձաքննություն ներկայացնելու հարցը»,- ասաց պաշտպան Կարմեն Պողոսյանը:   Հաջորդ դատական նիստին պաշտպան Կարմեն Պողոսյանը դատարանին   կմիջնորդի կալանքը գրավով փոխարինել:  Կալանավայրում գտնվելու ընթացքում Էդուարդ Ներսիսյանը կաթված է ստացել, տառապում է  հեպատիտ C-ով:  «Կալանքի տակ գտնվելու ընթացքում զրկվել է ատամնաշարից, չի կարողանում սնունդ ընդունել եւ առողջացման դինամիկա չի նկատվում»: Երեւանի Կենտրոն  եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստին մասնակցում էր  Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը  նախորդ նիստերից հեռացվել էր ոտքի չկանգնելու համար։ Պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր, որպեսզի նիստերի դահլիճում Վահան Շիրխանյանը ոտքի չկանգնի` առողջական խնդիրներով պայմանավորված: Դատարանը բավարարել է  միջնորդությունը:     Այսօրվա դատական նիստին պաշտպանները միջնորդեցին փոխել Արթուր Վարդանյանի, Արթուր Եղիազարյանի, Հարություն Սարիբեկյանի  խափանման միջոցը: Դատավորը մերժեց այն:  Նմանատիպ միջնորդությամբ հանդես եկավ նաեւ Խաչիկ Ավետիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, որը չքննարկվեց, քանի ամբաստանյալը  հայտարարությամբ հանդես եկավ: «Դեռեւս 1989 թ ադրբեջանական իշխանությունները ինձ ձերբակալել էին եւ այս նույն տարբերակով դատավարություն էր գնում, ոչ մի փոփոխություն ես չեմ տեսնում: Հրաժարվում եմ միջնորդությունից, նորից իջնենք, գանք»,- ասաց Խաչիկ Ավետիսյանը:  Այսօր  մեղադրողը հրապարակեց  նաև մեղադրական եզրակացությունը, համաձայն որի՝ զինված խումբը թիրախավորել եւ հարձակումներ է նախապատրաստել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության շենքի, Հայաստանի հանրային հեռուստատեսության շենքի վրա:  Ըստ մեղադրական եզրակացության՝ստեղծված զինված խմբի անդամները քննարկել են նաեւ թռիչքի պահին նախագահի ինքնաթիռը խոցելու հնարավորությունը, սակայն, այդ ուղղությամբ որոշակի քայլեր չեն ձեռնարկվել: Հայր Անտոնի առողջության վատթարացման պատճառով դատական նիստը հետաձգվեց, այն  կշարունակվի հուլիսի 28-ին: